Այն պահին, երբ մենք հրաժարվեցինք Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, դրանով հրաժարվեցինք ինտեգրվելուց եվրոպական տնտեսական գոտուն։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ փաստերով պատասխանելով տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Խոսրով Հարությունյանի հայտարարություններին։

«Հանձնաժողովի նախագահի թեկնածուն նշեց, թե ԵՏՄ ընդունվելիս Հայաստանը այլընտրանք չուներ եւ դրա համար ստիպված գնացինք, դարձանք ԵՏՄ անդամ։ Այն պահին, երբ մենք հրաժարվեցինք Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, դրանով հրաժարվեցինք ինտեգրվելուց եվրոպական տնտեսական գոտուն»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, ասոցացման համաձայնագիրը մեզ հնարավորություն էր տալիս 500 միլիոնանոց շուկա ինտեգրվել, որից հետո «հիմա այստեղ հպարտանում ենք 170 միլիոնանոց շուկային անդամագրվելով»։ «Տարիներն անցել են, ժամանակն անցել է, տնտեսության զարգացումը չենք տեսել»,- նշել է Մարուքյանը։

Նա անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավորի մեկ այլ հայտարարությանը, թե ԵՏՄ-ին անդամակցելը շատ կարեւոր էր անվտանգության առումով։ «Ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ անվտանգության առումով որեւէ բան չստացանք։ Ավելին, ՌԴ-ն մեր անդամակցելուց հետո ավելի շատ զենք է վաճառել Ադրբեջանին, քան մինչ այդ։ Երեւի դա էլ է ԵՏՄ փաթեթի մեջ մտնում։ Հայաստանը ունեցել է այլընտրանք, հրաժարվել է այլընտրանքից։ Դա սխալ է, թե անվտանգության, թե տնտեսական առումով»,- ասել է Էդմոն Մարուքյանը։