Կառավարությունն այսօր՝ մայիսի 22-ին, արտահերթ նիստում ի թիվս այլ օրինագծերի հավանություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին»  և  հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փաթեթի նպատակն է  ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը: Բացի այդ, նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և կառավարման ձևը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելու համար: Փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները: