ՀՀ Վարչական դատարանում այսօր՝ մայիսի 26-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով նիստին միջադեպ տեղի ունեցավ դատական կարգադրիչների եւ նիստերի դահլիճում ներկա գտնվողների միջեւ: Դատական կարգադրիչները ներկաներին պահանջում էին դուրս գալ նիստերի դահլիճից, սակայն, ներկաները չենթարկվեցին, կարգադրիչները ստիպված եղան նիստերի դահլիճից հեռացնել նստարանները:
Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանն ապօրինի գործողություններ է կատարում իրենց նկատմամբ:
«Դատարանը պարտավոր էր հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի քննությւոն իրականացնել եւ կայացնել որոշում, սակայն, դատարանը անարգեց դատարան հասկացությունը եւ ապօրինի որոշում կայացրեց ոչ թե դատարանի դահլիճում, այլ դատական դահլիճից դուրս: Մենք պահանջելու ենք, որպեսզի այս բոլոր դատավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն, սա դատարան չէր, նրանք հատուկ նպատակով այդպիսի որոշում կայացրեցին,-ասաց նա:
Մինչ Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ներկայացնում էր տեղի ունեցածը, դատավորները վերադարձան դահլիճ , նիստը շարունակվում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խնդրելով անվավեր համարել ՀՀ ԿԸՀ-ի Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 21.05.2017 թվականի թիվ 271-Ա եւ Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 21.05.2017 թվականի 272-Ա որոշումները եւ, որպես անվավերության հետեւանք, կիրառել Երեւանի ավագանու նոր ընտրությունների նշանակումը:











