Ծարավ Աղբյուր եւ Զաքարիա Քանաքեռցի (Սարկավագի) փողոցների խաչմերուկում գտնվող պուրակի ապագայով մտահոգ բնակիչները դիմել են դատարան՝ պահանջելով պուրակի սեփականատիրոջն արգելել այնտեղ շինարարություն իրականացնել։

Պուրակի հարակից շենքի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ այս հարցով դիմել են թե վարչապետ Կարեն Կարապետյանին, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն խնդիրը շարունակում է մնալ օդում կախված։

Բնակիչների պատմելով՝ շենքի մերձակա տարածքում գտնվող 500քմ մակերեսով այգին, որը տարիներ շարունակ խնամել և բարեկարգել են իրենք, 2007-ին աճուրդով վաճառվել է, հետագայում էլ՝ դրա մի մասը 2014թ․ վերավաճառվել է Գեղարքունիք մարզի բնակիչ Ռոբերտ Դաշտոյանին։

«Աճուրդ են արել առանց մեզ տեղյակ պահելու։ Աճուրդը կազմակերպվել է այլ հասցեով՝ Սարկավագ փողոցով, իսկ սա Ծարավ Աղբյուր փողոցն է»,- ասացին բնակիչները։

Չնայած սեփականատերն այգում որևէ շինություն կառուցելու թույլտվություն չունի, այնուամենայնիվ, բնակիչները անհանգստացած են, քանի որ վերջինս մտադրություն ունի այդ տարածքում ատամնաբուժարան կառուցել։

«Վեր էին կացել եկել, ասում ա՝ ծառերը կտրենք, մաքրենք տարածքը, ես ասում եմ՝ դեռ իրավունք չունես ստեղ որևէ շինություն կառուցելու, ինքն ասում ա՝ հետո կբերեմ, էլի ծառեր կտնկեմ»- պատմեց բնակիչներից մեկը։

Բնակիչները վճռական են տրամադրված․ պատրաստ են դիմել բոլոր ատյաններին․  որպեսզի պահպանեն իրենց խնամած կանաչ տարածքը։

Խնդրի լուծման համար շենքում բնակվող 8 ընտանիքները դիմել են Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանին, որը իր հերթին նամակով դիմել է քաղաքապետին։

Տիկին Բախշյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ հողային օրենսգրքի 72 հոդվածի 2 կետի համաձայն, շենքի բնակիչներն իրավունք ունեին այդ տարածքի նկատմամբ սեփականության գրանցում ունենալ։ Նա նամակով դիմել է քաղաքապետին, որում խնդրել է պարզաբանել, թե ինչու է աճուրդի հանվել հանրային սեփականություն համարվող պուրակի տարածքը, ինչու է բարեկարգ այգին աճուրդի հանվելիս ներկայացվել  որպես անտեր ու անմշակ տարածք, եւ ինչու շենքի բնակիչները չեն տեղեկացվել աճուրդի մասին։ Նույն հարցը տիկին Բախշյանը բարձրացրել է նաեւ ավագանու մայիսի 30-ի նիստին, նաեւ հարցրել է՝ հնարավո՞ր է, որ այդ տարածքը մեկ այլ տարածքով փոխարինվի և այդ հողատարածքը մնա որպես պուրակ, իսկ 150քմ մեկ այլ մակերես տրվի այդ սեփականատիրոջը։

 «Քաղաքապետն ասաց, որ այդ հողի վրա որևէ շինթույլտվություն տրված չէ, եթե սեփականատերը դիմի այդպիսի խնդրանքով, ապա իրենք կքննարկեն»,- ասաց տիկին Բախշյանը։