Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանը քիչ առաջ հանձնեցին Երեւանի քաղաքապետարանում նրանց աշխատասենյակի բանալիները:
NEWS.am- ի թղթակիցը հաղորդում է, որ «Երկիր Ծիրանի» անդամները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ քաղաքապետարանի շենքում իրենց գրասենյակը երկար ժամանակ փնտրելուց հետո վերջապես կարողացան գտնել այն։ Նրանց հանձնվեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության աշխատասենյակը, որի ցուցանակը մինչեւ այժմ փոխված չէր։
Այս առնչությամբ, քաղաքապետարանի ներկայացուցիչը Զարուհի Փոստանջյանի հետ զրույցում նշեց որ խմբակցության ղեկավարը պետք է մինչեւ ավագանու նիստի նշանակման օրը ներկայանար քաղաքապետարան եւ աշխատասենյակ վերցնելու վերաբերյալ հայտ ներկայացներ, որը չի արվել։ «Երկիր Ծիրանին» աշխատասենյակ մտավ «Բարեւ Երեւան» գրությամբ ցուցանակը հեռացնելուց հետո։ Աշխատասենյակում Զարուհի Փոստանջյանը դիմելով իր թիմակիցներին նշեց, որ հենց այդ գրասենյակում կատարված աշխատանքի շնորհիվ է, որ իրենց խմբակցությունը Երեւանում բարեփոխումներ է իրականացնելու եւ իրենց աշխատանքում ապացուցելու, որ իրենք կարող են աշխատանքի շնորհիվ լուծել Երեւանի խնդիրները։
«Հենց այս բարձունքից է որ պետք է աշխատենք եւ գրավենք քաղաքապետարանի շենքը։Մենք արդեն գրավել ենք այն եւ մեր աշխատանքի շնորհիվ պետք է ապացուցենք, որ մենք կարող ենք»,-ասաց նա։
NEWS.am-ի հարցին՝ արդյոք «Երկիր ծիրանին» շարունակելո՞ւ է բոյկոտել Երեւանի ավագանու հաջորդ նիստերը եւս, Փոստանջյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով որ իրենց խմբակցությունը նախապես իր ծրագրերի մասին հաղորդագրություն կտարածի եւ կտեղեկացնի հետագա քայլերի մասին։
Նա եւ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին դուր չեկավ նաեւ քաղաքապետարանի միջանցքում վառված լույսերը։ Նրանք պահանջեցին անջատել դրանք, նշելով որ էլեկտրաէներգիայի զուր վատնում է այն դեպքում, երբ Երեւանի շատ փողոցներում լույս չկա։ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը պարզաբանեց որ լույսերը վառված են, որովհետեւ կատարվում են լույսերի էլեկտրաէներգիայի վերանորոգման աշխատանքներ։
Հիշեցնենք որ այսօր տեղի ունեցավ Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որին «Երկիր Ծիրանի» խմբակցությունը չմասնակցեց, բոյկոտելով այն։ «Երկիր Ծիրանիի» անդամները Զարուհի Փոստանջյանի ղեկվարությամբ քաղաքապետարանի շենք մուտք գործեցին «ՀՀԿ» գրությամբ փուչիկներ պայթեցնելով եւ Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարանի լուսանկարներով ափսեներ Երեւանի քաղաքապետարանի դռան աջեւ ջարդելուց հետո։











