Դիրիժոր Զավեն Վարդանյանի համար անհասկանալի է, թե ինչու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացման ժամանակ նվագախմբի անդամները չեն ներկայացել: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Նա նշեց, որ իր համար անհասկանալի է նաեւ այն, որ նվագախմբի անդամներն իբր նման քայլի են գնացել թատրոնում վարչական աշխատակիցներից ոմանց աշխատանքից ազատելուց հետո։
«Հիմա ամբողջ երկրում էլ կրճատումներ կան, այստեղ էլ մի քանակ կա, որ պետք է կրճատվի։ Կրճատվողներից ամեն մեկն իր դժգոհությունն էր բերում, բայց պետք է հասկանալ, որ այդ կրճատումները ոչ մի կապ չունեն նվագախմբի հետ։ Պարզ է, որ կրճատման տակ ընկնողների մեջ կան նաեւ նվագախմբի անդամների հարազատներից, որոնք էլ հնարավոր է՝ հրահրել են»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ի երեկոյան ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է, քանի որ նվագախմբի անդամները չեն ներկայացել: Նրանք հավաքվել են բակում՝ ծառայողական մուտքի մոտ: NEWS.am-ին թատրոնից հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ, նման քայլի պատճառն այն է, որ օրեր առաջ թատրոնում տեղի են ունեցել կրճատումներ. 583 աշխատակցից 10-ը աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել: Հատկանշական է, որ ծանուցում ստացածները վարչական աշխատողներ են, ոչ թե նվագախմբի անդամներ:











