Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը չգիտի, թե ինչու են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացման ժամանակ նվագախմբի անդամները հրաժարվել նվագելուց։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Ես այդպես էլ չհասկացա, թե ինչ է տեղի ունեցել, ինչու են նրանք այդ քայլին գնացել։ Մեզ մոտ եղել է ժողով, ասել եմ՝ արդյոք չեք ամաչում այն մարդկանց առջեւ, որոնք եկել են մեր թատրոն այդ ներկայացումը դիտելու, ովքեր հավատարիմ են մեր թատրոնին։  Նախարարությունն է զբաղվում այժմ այդ հարցով եւ կպարզի, թե որն է եղել պատճառը, որ նրանք նման քայլի են դիմել»,-ասաց նա։

Հարցին՝ արդյոք կապ ունի նրանց այդ քայլը թատրոնում մի քանի հոգու աշխատանքից ազատելու հետ, նա նշեց․ «Ես այդ մարդկանց չեմ էլ ճանաչում ու նույնիսկ չգիտեմ, թե նրանք ինչ են աշխատել»։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ի երեկոյան ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է, քանի որ նվագախմբի անդամները չեն ներկայացել: Նրանք հավաքվել են բակում՝ ծառայողական մուտքի մոտ: NEWS.am-ին թատրոնից հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ, նման քայլի պատճառն այն է, որ օրեր առաջ թատրոնում տեղի են ունեցել կրճատումներ.  583 աշխատակցից 10-ը աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել: Հատկանշական է, որ ծանուցում ստացածները վարչական աշխատողներ են, ոչ թե նվագախմբի անդամներ: