Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երեւանը ժամանակին համընթաց քայլի: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում նորընտիր քաղաքապետ տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, զբոսաշրջության զարգացումը մեր տնտեսության առաջնահերթություններից մեկն է. «Ուստի քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական տեսք՝ արդի լուսավորության համակարգերով, հարմարավետ մայթերով եւ անցումներով, հանրային հանգստյան գոտիներով: Անհրաժեշտ է վերացնել խրձերով լարանցումները եւ գեղագիտական առումով աչք ծագող մյուս թերությունները՝ առաջին հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնում»:

ՀՀ նախագահն անդրադարձել է նաեւ աղբահանությունը եւ աղբի կառավարման խնդրին՝ նշելով. «Այստեղ մենք արդեն գրանցել ենք որոշակի հաջողություններ, Երեւանում ստեղծել ենք մայրաքաղաքին վայել համակարգ: Սա նաեւ պետական ու մասնավոր հատվածների համագործակցության հաջողված օրինակ է:

Սակայն այդքանով բավարարվելու իրավունք չունենք: Կարճաժամկետ առումով մենք պետք է ստեղծենք նոր աղբավայր՝ հինը կանաչապատելով եւ վերադարձնելով բնությանը: Միջնաժամկետ առումով՝ պետքէ կառուցենք աղբի վերամշակման գործարան: Անհրաժեշտ է ձեւավորել աղբի կառավարման նոր մշակույթ: Այս ուղղությամբ պետք է կազմակերպել մշտական իրազեկում լրատվամիջոցներում եւ ուսուցում՝ դպրոցներում: 

Թող ոչ ոք չմտածի, որ սրանք անիրականանալի նպատակներ են: Տասը տարի առաջ մեր այսօրվա ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Սակայն մենք՝ բոլորս միասին, ապացուցում ենք, որ կարող ենք դա անել, կարող ենք լուծել մեր առջեւ ծառացող խնդիրները»: