Հունիսի 11-ին Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի ծննդատանը ծնվել է 2016թ. օգոստոսի 2-ին ականի պայթյունի հետեւանքով զոհված Գեւորգ Հարությունյանի եղբայրը։ Նորածին Գեւորգը լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով, 2 կգ քաշով եւ 47 սմ հասակով։ NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 12-ին, ծնունդն ընդունող բժշկուհի Նանա Դանիելբեկը նշեց, որ չնայած ժամանակից երկու շաբաթ շուտ լույս աշխարհ գալուն եւ փոքր չափերին, փոքրիկի եւ նրա մոր՝ Անահիտ Վանյանի առողջական վիճակը լավ է, իսկ երեխայի վաղաժամ ծնունդը բժիկը կապում է նրա մոր հոգեբանական վիճակի հետ։

«Ծննդալուծումը իրականացվեց կեսարյան հատման միջոցով՝ վիրահատությունը անցավ նորմալ։ Տղայի քաշը 2կգ է, բոյը՝ 47սմ։ Մի քիչ ժամկետի համար փոքր է։ Ես կապում եմ դա իր նյարդային վիճակի հետ։ Ամբողջ հղիության ընթացքը անցկացրել է արցունքն աչքերին եւ իր հուզմունքը բացատրելի է եւ պարզ։ Ինչեւիցե բալիկը առողջ է, նորմալ ընթանում է հետծննդյան շրջանը» -ասաց Նանա Դանիելբեկը՝ նշելով, որ հոգեբանական առումով բարդություններ չի սպասվում։

Մեզ հետ զրույցում փոքիրի Գեւորգի մայրը պատմեց որ ծանր վիճակում է հասել ծննդատուն, որտեղ եւ անմիջապես վիրահատել են.

«Շոկի մեջ էի էդ պահին։ Լարված վիճակ մոտս, թե ոնց պիտի լինի երեխայիս ծնունդը։ Ահավոր վիճակում եմ եկել հիվանդանոց, միանգամից անհապաղ կեսարյան՝ մեկ էլ տեսնեմ գրկած բերեցին ասեցին՝ էս էլ քո տղան։ Վայ, ասեցի, հրաշքս արդեն ծնվեց, երկրորդ Գեւս ծնվեց»։

Նորածին Գեւորգի համար նրա մայրը ցանկանում է, որ երեխան առողջ մեծանա ու կարողանա շարունակել զոհված եղբոր կիսատ թողած գործերը։

Մայրն արդեն նմանություններ է տեսնում զոհված որդու եւ նորածնի արտաքինում։

«Նմանություններ ունեն՝ ճակատային մասը՝ էս կլորությունը, բերանիկի մասը, քիթիկի մասը։ Ուղղակի Գեւորգը մազոտ չէր ծնվել, էս պստոս մազոտ ա ծնվել, տեսնենք ոնց կլինի։ Գեւս կյաժ ա եղել, էս պստո Գեւը չգիտեմ հետագայում ոնց կլինի, կփոխի՞ մազերի գույնը, թե՞ էսպիսին կմնա։ 12-անց կես, որ ծնվեց, ասեցին՝ Ան ջան, աչքդ լույս մեր Գեւը, պստո Գեւը ծնվեց։»,-մեզ հետ զրույցում պատմեց Անահիտ Վանյանը։

Հիշեցնենք, որ 20-ամյա Գեւորգ Հարությունյանը զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, 2016 օգոստոսի 2-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային վիրավորումից։