Հունիսի 12-ին՝ Արմավիրի մարզի, մասնավորապես Էջմիածնի տարածաշրջանում տեղացած կարկուտը վնասել է գյուղական համայնքերի գրեթե ամբողջ գյուղմթերքը։ Պտղատու ծառերից սկսած՝ ծիրան, բալ, խնձոր, բանջարանաբոստանային կուլտուրայով վերջացրած՝ ցորեն, լոբի, լոլիկ, կարտոֆիլ, ամբողջը վնասվել է։

Մրգաստան գյուղի համայնքապետ Ռաֆիկ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 13-ին, պատմեց, որ կարկուտի ժամանակ շրջել է գյուղում՝ տեսել, թե ինչպես է բերքը վնասվում. «Կարկուտի ժամանակ գյուղում ման էի գալիս, էս ինչ էր կատարվում, ահավոր էր։ 12 րոպե, սկզբից 5-6 րոպե տվեց, դրանից հետո անձրեւախառը խփեց, տարավ ու տարավ»։

Գյուղապետի խոսքով՝ իրենք ունեն գրեթե 220 հեկտար հողատարածքներ, որոնք Էջմիածնին մոտ գտնվող հողեր են եւ չեն վնասվել, իսկ գյուղի սկղբնամասում գտնվող հողերը բոլորը վնասվել են.

«Լրիվ, հարյուր տոկոսով բերք չկա, իմ տնից սկսած մտի սաղի տները, ոչ մի բան չունենք»։

Մեզ հետ զրույցում Ռաֆիկ Խաչատրյանն ասաց, որ առավոտյան ժամը ութից մարզպետն այցելել է գյուղ,հանդիպել բնակիչներին։ «Համարյա լացում էր մարզպետը։ Խոսալը չէր գալիս։ Մարզպետը ամեն հարցում էլ աջակցում ա, բայց դե էս կարկուտը սաղ սրբեց տարավ»,-ասաց գյուղապետը։

Մրգաստանի հարեւանությամբ գտնվող Դողս գյուղում էլ պատկերը նույնն է։ Գյուղացիները կանգնել են փաստի առաջ՝ բերք չմնաց, մնացին վարկերը։

«Ծիրանի արտահանման համար 2 մլն-ի պայմանավորվել եմ, բեհ եմ տվել, որ ծիրանը տամ ֆուռին, հիմա ոչ մի բան չկա։ Կարկուտը սաղ ծիրանը փռել ա գետնին, ինչ էլ որ մնացել ա ծառին, էդ էլ բանի պետք չի»,- ասաց գյուղացիներից մեկը։

Մեզ հետ զրուցելիս Դողսի բնակիչներից մեկն ասաց, որ գյուղացիները բոլորն էլ վարկեր են վերցրել, որպեսզի կարողանային բերքի անհրաժեշտ ծախսերը հոգային։

«Մարդիկ կան էնքան վարկ են վերցրել բանկերից,որ բանկերն էլ արդեն վարկ չեն տալիս։Իսկ հիմա չգիտեն, թե ինչպես են դուրս գալու այդ վնասից»,-մեզ հետ զրույցում ասաց նա։

Հակակարկտային կայանքներ ոչ բոլոր գյուղերում է առկա, իսկ եթե դրանք կան էլ ապա կամ լավ չեն աշխատում, կամ ընդհանրապես չեն աշխատում։

Արմավիրի մարզի Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց. «2016 թվականի հուլիս ամսվա կարկտահարության պատճառած վնասներից դեռ ուշքի չեկած` 2017 թվականի հունիսի 12-ին կրկին կարկտահարությունից տուժեց Արմավիրի մարզի Շահումյան համայնքը: Տեղատարափ կարկուտը 100%-ով վնաս պատճառեց գյուղացուն. ավերեց ու գետնին հավասարեցրեց խաղողի և պտղատու այգիները բանջարանոցային, հատիկաընդեղային և հացահատիկային կուլտուրաները»:

Այսօր առավոտյան Շահումյան համայնք է այցելել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, հանդիպել կարկտահարությունից տուժած բնակիչներին, շրջել այգիներն ու դաշտերը՝ մանրամասն ծանոթանալու իրավիճակին:

«Իմ կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասի չափերն ուսումնասիրելու, արձանագրելու և կազմված արձանագրությունները Արմավիրի մարզպետարան ներկայացնելու համար: Վստահ եմ, որ կառավարության կողմից կցուցաբերվի աջակցություն»,- ասել է Շահումյանի գյուղապետը։