Ինչու եք ուզում բացասական բան տեսնել այդ հարցի մեջ։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսպես արձագանքեց NEWS.am–ի հարցին, թե ինչու են ԱԺ–ում կազմակերպված արյունատվության միջոցառման ավելի ակտիվ մասնակցում ՀՀԿ–ականները։
«Եթե թվով ՀՀԿ–ականներն ավելի շատ են, համեմատաբար երեւում է, որ նրանք ավելի ակտիվ են։ Անկախ կուսակցական պատկանելությունից՝ բոլոր պատգամավորները պատրաստ են հանձնել արյուն, եթե չկան հակացուցումներ եւ գիտեն, որ դրանով օգտակար են ժողովրդին։ Գիտենք, որ արյան կարիք ունեն հիվանդ, վնասվածք ստացած մարդիկ, դրա համար ցանկությունը հավասար է՝ անկախ կուսակցական պատկանելությունից»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՅԴ–ից ակցիային մասնակցեց միայն Աղվան Վարդանյանը, «Ելք» խմբակցությունից միայն Նիկոլ Փաշինյանը, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը եւ եւս երկու պատգամավոր։
Դիտարկմանը, որ Հանրապետական կուսակցությունը իշխանություն է եւ պարտավոր է ժողովրդին եւ պետությանն օգտակար լինել բոլոր առումներով, մինչդեռ այդ հարցում, կարծես, թերանում է, ԱԺ նախագահը արձագաքնեց. «Մեր սահմանադրական վերջին փոփոխություններից, մեր կուսակցության ծրագրից, նախագահի ծրագրային ելույթից ԱԺ–ում, կառավարության ծրագրից, որը կքննարկվի շուտով ԱԺ–ում, դուք կարող եք եզրակացնել, որ մեր ծրագրերն ավելի են ունենալու սոցիալական ուղղվածություն»։
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտի անմխիթար վիճակին, աճող արտագաղթին, ծնելիության նվազմանը՝ ԱԺ նախագահն ասաց. «Այդ հարցի շուրջ եւս լսեցիք նախագահի մոտեցումը, որ մեր համար կարեւոր նշանակություն ունեն իրականացնել այն ծրագրերը, որոնք կանխարգելեն արտագաղթը։ Տնտեսության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդասիարական մոտեցումները պետք է նպաստեն դրան։ Տեսեք՝ մանկական մահացությունը ինչքան է նվազել, որ ընդհանուր առմամբ մահացությունն ինչպես է նվազել, տարբեր հիվանդությունների բուժման առումով հաջողություն ունենք»։
ԱԺ նախագահն ասաց՝ դեռ նոր պետք է սկսեն բարելավվել նշված ոլորտները։











