Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում  գտնվող Մուշ թաղամասի բնակիչներն երկար տարիներ զրկված են տրանսպորտից: Բնակիչների խոսքով, ստիպված են լինում ամեն օր անցնել երկար ճանապարհ մայրաքաղաքի այլ ուղղություններ գնացող տրանսպորտ նստելու համար:

«Այստեղ երբեք էլ տրանսպորտ չի եղել, բոլորն հիմնականում իրենց մեքենաներով են հասնում ինչ-որ տեղ, իսկ ով էլ որ չունի՝ ստիպված ոտքով է քայլում, էս թաղամասից հասնում է Արարատյան զանգված, որ էդտեղից նստի տրանսպորտ: Էս քաղաքի մեջ, կարելի է ասել՝ փոքր գյուղ ա էս թաղամասը, մենք էլ խեղճ բնակիչները,  ապրում ենք էլի...»,-ասաց բնակիչներից Արմենը:

Նրա խոսքով, թաղամասը բացի տրանսպորտի խնդրից, ունի նաեւ ճանապարհների բարեկարգման խնդիր. բնակիչները ստիպված են լինում քարուքանդ եղած ճանապարհները երբեմն իրենց ուժերով ինչ-որ չափով «կարգի բերել». «Էնպիսի փոսեր են, որ մարդ մեջն ընկնի՝ ոտքը կջարդի: Դրա համար էլ ստիպած ենք լինում ավազ բերել, լցնել էդ փոսերի մեջ, որ ինչ-որ վնասի չհասնենք»:

Մուշ թաղամասի բնակիչների համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է նաեւ փողոցների լուսավորությունը: Նրանց խոսքով, երեկոյան վախենում են դուրս գալ փողոց՝ մթության պատճառով:

«Մեզ անտեսել են, էս թաղամասում անգամ փողոցների լուսավորություն չկա, բայց դրա փոխարեն թաղամասով մեծ կանալ է անցնում, որի մեջ մթության պատճառով եւ մարդ է ընկել ու խեղդվել, եւ մեքենա: Գոնե բերեն էս կանալի երկայնքով ցանկապատ քաշեն, որ մթության մեջ հասկանանք, որ կանալ է, զգուշանանք»,-ասաց բնակիչներից տիկին Կարինեն:

Նշենք, որ Մուշ թաղամասում է ապրում նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որի եղբորորդին՝ Արտակ Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետն է: Արդյոք այս հանգամանքն օգնում է ավելի լավ պայմաններում ապրել, բնակիչները պատասխանում են. «Ալեքսանյանները միայն իրենց տան տարածքն են բարեկարգել, իսկ թաղամասում էլ մի քանի անգամ ճանապարհներին ավազ են լցրել ու կոյուղու հարցը լուծել: Մենք շատ անգամներ ենք բարձրաձայնել այս խնդիրների մասին, բայց ոչ քաղաքապետը, ոչ էլ թաղապետը մեր թաղամասի համար ոչինչ արած չկան»: