Որոշակի փորձ է Հայաստանի ներքին քաղաքական հարցերին միջամտելու: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարությանը, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի արժանահավատ պետք է դարձնել:
«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե ոչ՝ երկրի ներքին խնդիրն է: Այդ հարցը որոշում է Ազգային ժողովը, եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, ես տեղյակ չեմ, կարծում եմ, որ որոշակի փորձ է մեր ներքին քաղաքական հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից, դա արվում է բարի, թե այլ նպատակներով»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ ՀՀ ընտրական համակարգի վերաբերյալ դեսպանը իր դիրքորոշումը չպետք է հայտնի. «Ես կարծում եմ, որ սա եւս քաղաքական հարց է եւ դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը արտահայտում են ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի մասնագետները: Համապատասխան ոլորտում ամենաբարձր մարմինը Վենետիկի հանձնաժողովն է, որը տվել է իր եզրակացությունը»:
Հիշեցնենք, որ այսօր «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ իր խոսքում Պյոտր Սվիտալսկին ասել է, որ անհրաժեշտ է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի արժանահավատ դարձնել:











