Երեւանի Ֆիրդուսի փողոցի առեւտրի հատվածի խնդիրը քաղաքաշինությանը չի վերաբերում: Հունիսի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի «Ֆիրդուսի» շուկայի կտրվածքով շինարարական աշխատանքները տեսանելի կլինեն ընթացիկ տարվա արդեն աշնանը: «Այս տարածքը գրեթե 5 հեկտար է կազմում: Այստեղ տարածքի 72 տոկոսն արդեն յուրացված է: Նախատեսվում է այս հատվածում 3 ճառագայթային փողոցներ կառուցել, որոնք շրջանաձեւ հրապարակ կկազմեն: Երեւանի հին նախագծերում քաղաքի այս հատվածը «Հարավային պողոտա» է կոչվել»,- նշեց Սարգսյանը: Այս հատվածի կառուցապատման ծրագիրը, ըստ նրա, 300 մլ դոլար կարժենա:

Ի պատասխան կառուցապատման հետ կապված «Ֆիրդուսի» շուկայի առեւտրականների դժգոհությանը վերաբերող հարցին՝ պաշտոնյան նշեց, որ խնդրի կարգավորումը քաղաքաշինությանը չի վերաբերում: «Իմ ազդեցությունից դուրս է, որ մարդկանց այնտեղից հանեն եւ շինարարություն սկսեն: «Ֆիրդուսի» շուկայի վերաբերյալ նախագիծը դեռեւս 3 տարի առաջ է մեկնարկել, եւ իրենց ոչ մեկը ոչինչ չի ասել. նրանց ժամանակ է տրվել: Ես վստահ եմ, քաղաքապետարանից համապատասխան տեղեկություններ ունեմ, որ Ֆիրդուսի փողոցի առեւտրի հատվածի հետ կապված հարցը առանց ցնցումների կլուծվի»,- հավաստիացրեց Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ առեւտրականները մի քանի անգամ ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով իրենց թույլ տալ շուկայում աշխատել մինչեւ տարեվերջ: Երեւանի քաղաքապետարանից հայտարարել են, որ հունիսի 15-ից շուկայի տարածքում պետք շինարարական աշխատանքներ սկսվեն: Առեւտրականներին տեղ է առաջարկվել Երեւանի այլ վայրերում, սակայն նրանք մտահոգված են, որ այնտեղ իրենց ապրանքը չեն կարողանա իրացնել: