Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի կարծում, որ քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատողների աշխատավարձերը բարձր են:
«Մենք շատ կուզենայինք մեր աշխատակազմի աշխատավարձերը բարձրացնեինք, բայց պետք է նայենք մեր հնարավորություններին: Այսօր մենք պետք է մտածենք մանկավարժների, մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին, մի քանի տարի առաջ մենք բարձրացրել ենք համայնքային ծառայողի աշխատավարձը, այսօր պետք մտածենք մանկավարժների, մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին, հաջորդ քայլը դա պետք է լինի»,- այսօր՝ հունիսի 16-ին, Երեւանու ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը:
Հարցին, թե ինչու Երեւանի քաղաքապետի տեղակալները վերաընտրվեցին, արդյոք քաղաքապետը կողմ չէ երիտասարդ կադրերի ներգրավվմանը, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Եթե շփվեք աշխատակազմերի հետ, կտեսնեք, որ երիտասարդները շատ են, երիտասարդներին տեղ ենք տալիս, որ կարողանան մասնակից լինել մեր քաղաքի կառավարմանը եւ հետագայում իրենց տեսնենք այլ վայրերում՝ ըստ իրենց մասնագիտությունների»:
Ինչ վերաբերում է հաստիքացուցակին, քաղաքապետը հայտնեց, որ տարիներ շարունակ իրենք ունեցել են կրճատումներ, կառուցվածքային փոփոխություններ. «Եթե վերցնենք 2007-2008թթ. հաստիքացուցակները եւ համեմատեք ներկայիս ցուցակների հետ, կհասկանաք, թե ինչ փոփոխություններ են արվել»:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին այսօր հաստատել է աշխատակազմի հաստիքացուցակը: Այն փոփոխության չի ենթարկվել:











