«Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր, կուսակցության ներկա առաջնորդ Մարին Լը Պենի հայր Ժան Մարի Լը Պենին թույլ չեն տվել մասնակցել կուսակցական հանդիպմանը ֆրանսիական Նանտեր քաղաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Info ռադիոկայանը։

«Ես ձեզ խնդրում եմ ի գիտություն ընդունել այն փաստը, որ քաղաքական ներկայացուցչության վայր մուտքը շղթայված է։ Ես այն տարիքում չեմ, որ արգելապատնեշների վրայով ցատկեմ»,- ասել է Ժան Մարի Լը Պենը, նշելով, որ իր անդամակցությունը կուսակցությանը հաստատվել է տարբեր իրավական ատյաններում ու նման որոշում ընդունելով՝ «Ազգային ճակատը» անտեսում է իր կանոնադրությունը, կուսակցության համագումարի որոշումն ու ֆրանսիական դատարանների որոշումները։

«Մարին Լը Պենը շատ էր ուզում ինձ իմ ծննդյան օրը նվեր անել»,- հավելել է Ժան Մարի Լը Պենը, որը այսօր 89 տարեկան է դառնում։

Ազգային ճակատի առաջնորդի պաշտոնը Մարին Լը Պենը «ժառանգել էր» 2011-ին՝ իր հորից, կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենից։