Օգնություն տալ չի նշանակում, որ պետք է այդ օգնությունը շահարկել եւ մեր ներքաղաքական խնդիրներին անընդհատ միջամտություններ անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարություններին:
«Դիտողությունները ընդունում ենք, քննարկում ենք, եւ որեւէ անգամ չենք ասում, որ ամեն ինչ կատարյալ է: Մենք պետք է աշխատենք, որ ավելի ընկալելի եւ իդեալական դարձնենք: հաջորդ փուլերի ժամանակ մենք այդ բոլոր դիտողությունները պետք է նկատի ունենաք»,-ասաց նա:
Հարցին, թե Սվիտալսկի-ՀՀ իշխանություններ «փոխհրաձգություն» չի՞ ազդի երկկողմ հարաբերությունների վրա, Բաղդասարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կազդի: Համենայնդեպս ամեն ինչ հարթվող է: Եթե կան որոշ դիտարկումներ, մենք անընդհատ քննարկումների փուլում ենք; Համենայնդեպս չնկատել այս ընտրական պրոցեսի թռիչքային աճը նախորդների նկատմամբ, չեմ կարծում, որ ճիշտ է»:
Վահրամ Բաղդասարյանը նույնպես կարծում է, որ Սվիտալսկիի հայտարարությունը միջամտություն էր ՀՀ ներքին գործերին. «Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց անմիջապես չի կարելի նման քննադատություններ: Օրինակ, ԿԸՀ-ի գործառույթների հետ կապված, որը որեւէ ձեւով չէր կարող ազդեցություն ունենալ ընտրական պրոցեսների վրա: Ինձ թվում է, որ որոշակիորեն այդ տոնայնությունից կարելի էր հանգել, որ ցանկություն կա մեր ներքին գործերին միջամտել: Մենք կցանկանանք, որ մեր միջազգային գործընկերները դիտարկումներ անե, դիտողություններ անեն, մենք քննարկենք եւ գնանք առաջ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով, իրենք ընդհանուր առմամբ, ցանկացած դիտողությունների ականջալուր են լինում հաջորդ փուլերի ժամանակ. «Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ դուք տեսաք, որ չկար մի դիտարկում, որը մենք հաշվի չառնենք, ընդհում մինչեւ ցուցակների հրապարակումը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պյոտր Սվիտալսկին խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին, հայտարարել էր. «Իր նախնական զեկույցում ԵՄ-ն նշել է, որ ընտրակաշառքների բաժանելու, ձայներ գնելու դեպքեր են գրանցվել։ Դեպքեր են եղել, երբ մարդկանց ստորացրել եւ ծեծի են ենթարկել»։ ԵՄ դեսպանն առաջարկել է չտառապել պատրանքներով ու խոստովանել խնդրի լրջությունը։ Նրա կարծիքով՝ լուծում գտնելու համար կողմերը պետք է քննարկեն խնդիրը. «Այդ ամենի վերաբերյալ ես իմ սեփական կարծիքն ունեմ։ Ես վստահ եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը։ Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքն իրենց հարմարացնել»:
Նա կոչ էր արել բարձրացնել վստահության մակարդակը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ՝ դրա աշխատանքներում քաղաքական ուժերի լայն հատվածի ներգրավման միջոցով։











