Կառավարության ծրագիրը կազմելիս՝ հաշվի են առնվել համաշխարհային տենդենցները, Հայաստանի տնտեսական ներուժը, բազմաթիվ մակրոտնտեսական ցուցանիշներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Մենք գնահատել ենք մեր գործողությունների արդյունքը, թե ինչ կարող ենք ունենալ, եթե մեր ծրագիրն իրագործենք: Եթե պարզ տնտեսագիտական լեզվով ասեմ, մեր այսօրվա գնահատված տնտեսական աճի ներուժը տարբեր մոդելներով 3-4 տոկոս է: Եթե մենք մեր առջեւ դնում ենք միջինը 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, այդ արդյունքին հասնելու համար ջանքեր պիտի գործադրենք»,-ասաց նախարարը:

Վարդան Արամյանը տարեկան տնտեսական աճի 5 տոկոսի ցուցանիշը ցածր արդյունք չի համարում. «Մենք պետք է շատ ճիշտ գնահատենք մեկնարկային իրավիճակները, թե որտեղ ենք գտնվում եւ ուր ենք գնալու: Մենք նախատեսում ենք 5 տարվա ընթացքում միջինում 5 տոկոս տնտեսական աճ ապահովել: Դա չի նշանակում, որ մենք ուղղակի ֆիքսելու ենք 5 տոկոս: Մեկ տարի դա կարող է լինել 4.7 տոկոս, մյուս տարի կձգտնեք 5 տոկոսից ավելի բարձր ցուցանիշի, որպեսզի 5 տարվա ընթացքում միջինում 5 տոկոս ցուցանիշն ապահովենք: Ասեմ ավելին, եթե մենք 5 տոկոս աճի վրա մյուս տարի եւս 5 տոկող աճ ունենանք, դա արդեն լուրջ տնտեսական ձեռքբերում կլինի»։

Վարդան Արամյանը նշեց, որ իրենք կառավարության ծրագրում դրել են այն մոտեցումը, որ ջանքեր են գործադրելու, որպեսզի համաշխարհային տնտեսությունից կամ Հայաստանի հետ համագործակցող երկրներից տնտեսական աճի ավելի առաջանցիկ տեմպեր ունենան: