Ես կարող եմ Սվիտալսկիի առաջարկի վերաբերյալ իմ կարծիքը հայտնել այն դեպքում, երբ որ տեսնում, թե այդ առաջարկի համար ինչ հիմքեր է ունեցել դեսպանը, ինչու է ինչ-որ տեղեկատվության վերլուծության արդյունքում հանգել այն եզրակացության, որ խնդիրը ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության բացակայությունն է: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն՝ անդրադառնալով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարություններին։

«Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արժանահավատության խնդրին, ընդհանրապես որեւէ անկախ պետական մարմնի անկախության, ինքնուրության, հետեւաբար նաեւ արժանահավատության խնդիրը երկու ձեւով է լուծվում՝ ինստիտուցիոնալ տեսակետից, այսինքն՝ օրենքով ստեղծվում են այնպիսի երրաշխիքներ, մեխանիզմներ, որոնք ապահովում են այդ մարմնի անաչառությունը եւ գործունեության ազատությունը, ինչը իր հերթին հանգեցնում է արժանահավատությանը, եւ երկրորդ խնդիրը՝ սուբյեկտների կազմի տեսակետն է, որը արժանահավատություն է ներշնչում։ Հիմա մեր երկրում, իմ կարծիքով, ԿԸՀ կազմավորման կարգի վերաբերյալ մեր օրենսդրական դրույթը ապահովում է ինստիտուցիոնալ արժանահավատութունը։ Եթե հասարակական ընկալման տեսակետից արժանահավատություն չի ներշնչում, ես դրա հիմքերը չունեմ»,-ընդգծեց Կոստանյանը:

Նրա խոսքով, ԵՄ դեսպանի եւ հայկական կողմի միջեւ ընդամենը բանավեճ է տեղի ունեցել, դա դիտողություն կամ քննադատություն չէր. «Իսկ ով է ասում, որ Սվիտալսկին դիտողություն է արել, կարծիք է հայտնել: Դրանք կարծիքների փոխանակում են: Եվրամիության հետ բազմաթիվ քննարկումներ են եղել տարբեր ծրագրերի եւ փոխօգնության մասով, բոլոր միջազգային կառույցների հետ միշտ լինում է նման քննարկումներ, հետեւաբար կենտրոնանալ այս բանավեճի վրա, ես չէի անի, սա կարծիքների փոխանակում էր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պյոտր Սվիտալսկին խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին, հայտարարել էր. «Իր նախնական զեկույցում ԵՄ-ն նշել է, որ ընտրակաշառքների բաժանելու, ձայներ գնելու դեպքեր են գրանցվել։ Դեպքեր են եղել, երբ մարդկանց ստորացրել եւ ծեծի են ենթարկել»։ ԵՄ դեսպանն առաջարկել է չտառապել պատրանքներով ու խոստովանել խնդրի լրջությունը։ Նրա կարծիքով՝ լուծում գտնելու համար կողմերը պետք է քննարկեն խնդիրը. «Այդ ամենի վերաբերյալ ես իմ սեփական կարծիքն ունեմ։ Ես վստահ եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը։ Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքն իրենց հարմարացնել»:

Նա կոչ էր արել բարձրացնել վստահության մակարդակը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ՝ դրա աշխատանքներում քաղաքական ուժերի լայն հատվածի ներգրավման միջոցով։

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմանազավոը ԵՄ դեսպանի հայտարարությունները որակել էին որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին: