Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 21-ին, Կառավարության ծրագրի քննարկման ժամանկ իր ելույթում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը շնորհավորեց Կարեն Կարապետյանին՝ 2-րդ անգամ Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար. «Ես այդ հնարավորությունը չեմ ունեցել, ՀՀԿ-ն նման բնավորություն ունի: Սա՝ եղբայրական, բարեկամական հորդոր է»:

Արամ Սարգսյանը նշեց, այն կարծիքները, թե սա իշխանական կոալիցիայի ծրագիր է, այնքան էլ ճիշտ չէ:

«Գուցե ես ճիշտ չեմ, քանի որ կարծում եմ՝ սա Կարեն Կարապետյանի ծրագիրն է՝ ինքն է ելույթ ունենում ու հարցերի պատասխանում: Բնակչության 90 տոկոսից ավելին ինձ նման սխալվում է: Հարգելով ծրագիրը գրող մարդկանց՝ ես կարմիր մատիտով ու ուշի-ուշով ուսումնասիրել եմ այն, ու վերջում ինձ հարցրել՝ իմաստը ո՞րն է: Ուզում էի հասկանալ՝ այս իրավիճակից՝ աշխարհաքաղաքական, ներքաղաքական, հետեւություններ արե՞լ ենք, մենք ինքներս մեզ խոստովանո՞ւմ ենք՝ այս իրավիճակի բացթողումները որոնք են, որ առաջ շարժվենք»,-ասաց նա:

Արամ Սարգսյանը խոսեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթի մասին, որտեղ նա ասել էր, թե կապ չունի, թե 2018թ. ով կլինի վարչապետը. որոշողը ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

«Այս ելույթով պարոն Շարմազանովը, ըստ էության, հակադարձեց վարչապետին, որ պատրաստակամություն էր հայտնել կրկին վարչապետ լինելու: Կառավարության այս ծրագիրն էլ ընդամենը յոթ ամսվա ճակատագիրն ունի, եւ նմանապես նույն վերաբերմունքն էլ ես ունեմ»,-ասաց նա: