Եվրոպական Միության հետ հարաբերություններում Հայաստանն Ադրբեջանից մեկ քայլ առաջ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի նախաստորագրված համապարփակ եւ խորը համագործակցության համաձայնագիր, ինչը նշանակում է, որ նվազագույնը մեկ տարով առաջ ենք ընկել Արդբեջանից։

«Ադրբեջանը դեռ բանակցում է իր նոր լեգալ ֆորմատով համագործակցության համար»,- ընդգծեց Աշոտյանը:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ վերջին պահին ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրվի՝ հաշվի առնելով, որ նման նախադեպ նախկինում ունեցել ենք, Աշոտյանն արձագանքեց, որ համեմատությունը տեղին չէ. «Զուգահեռները նախորդի հետ տեղին չեն, անգամ իրավական տեսանկյունից, որովհետեւ այն մեկը նախաստորագրված չէր: Եվրոպական հանձնաժողովի նախորդ կազմը շատ ավելի կոշտ էր Արեւելյան գործընկերության տարածքում ՌԴ-ի հետ փոխգործակցության առումով»:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս հաստատել է, որ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է:

Նշենք, որ դա ամենայն հավանականությամբ, տեղի կունեռնա այս տարվա աշնանը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանը շուրջ երեք տարի բանակցություններ է վարել ԵՄ-ի հետ, սակայն վերջին պահին հրաժարվել է նախաստորագրել համաձայնագիրը, փոխարենը միացել է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը: