Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 4-ին, «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը զայրացավ, քանի որ իրեն հարց տալու հնարավորություն չտրվեց: Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբալոյանը հայտարարեց, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին հարցեր ուղղելու ժամանակն արդեն սպառվել է եւ հարցեր տալու համար գրանցված պատգամավորների մի մասը ժամանակը լրանալու պատճառով չեն կարող իրենց հարցերն ուղղել Արսեն Հարությունյանին: Խորհրդարանի նախագահի այս հայտարարությունը դուր չեկավ Վարդան Բոստանջյանին եւ նա նշեց, որ իրեն զրկում են հարցեր տալու հանարվորությունից:
«Ես շատ կարեւոր հարցեր ունեմ, ինչպես թե: Ես կոճակն առաջինը սեղմողներից մեկն եմ եղել եւ պետք է հարցերս ուղղեմ»,-ասաց նա:
Արա Բաբալոյանը պատգամավորին հանգստացրեց՝ նշելով, որ Արսեն Հարությունյանին կարող է հարցերն ուղղել մտքերի փոխանակման ժամանակ:
Նշենք, որ կառավարության այս օրինագծով նախատեսվում է 2017թ-ին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել:











