Սեւանից լրացուցիչ ջրառն անհրաժեշտ է, այլապես գյուղացիները չեն գոյատեւի: Այս մասին հուլիսի 4-ին` ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` հարցը պետք է բոլորը միասին քննարկեն` բնապահպանները, գյուղատնտեսները, էներգետիկները, մյուս պրոֆեսիոնալները, եթե պահանջվի` նաեւ միջազգային փորձագետները: Եվ, իհարկե, խորհրդարանի պատգամավորները, արտախորհրդարանական ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Հենց քննարկումներ են անհրաժեշտ, այլ ոչ թե շահարկումներ: Եթե հիմնավորում կա, որ գերնորմատիվային ջրառը լրջորեն չի խանգարի լճի էկոհամակարգին, ապա այն կարելի է թույլ տալ` հաշվի առնելով չոր ամառը: Որովհետեւ այս ջրից է կախված գյուղացիներին ջրով ապահովելը, նրանց երեխաների ուսման վարձերը, նրանց ծնողների համար դեղերի փողը»,- նշեց Շարմազանովը: