Օրենքը նախատեսում է տարեկան 170 մլն խմ ջրառ Սեւանից, բայց նաեւ բացառություն է նախատեսել հավելյալ ջրառ իրականացնելու մասով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ այդ հավելյալ ջրառը հիմնված լինի օրենքով նախատեսված հստակ ձեւակերպումների վրա. «Այդ բացառությունը չի կարող ռիսկ, բացասական ազդեցություն չպարունակել էկոհամակարգի տեսակետից: Ես ընդամենը արել են սահմանադրական իմ պարտականությունը՝ տվել եմ էկոհամակարգի վերաբերյալ հավանական ռիսկի վերաբերյալ կարծիք: Բուն օրենքի վերաբերյալ մենք չենք ասել՝ ոչ, այս օրենքը պետք չէ: Պետք է հստակեցնենք, թե որն է տնտեսական խիստ անհրաժեշտությունը, որոնք են արտակարգ իրավիճակները»,-ընդգծեց նախարարը:

Արծվիկ Մինասյանի խոսքով, Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել Սեւանից հավելյալ 100 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելուն, միայն ցանկացել է, որ հավելյալ ջրառը արդարացված լինի:

«Ցավոք, լիարժեք կարգավորում չունենք: Օրենսդրական վերանայումների ընթացքում այդպիսի հարցեր էլ պիտի կարգավորենք: Ես նաեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներին եմ դիմել, որպեսզի նրանց էլ ներգրավենք այսպիսի քնարկման մեջ», - ասաց նա:

Հարցին, թե որքանով էր արդարացված տարեկան 170 մլն մետր խորանարդի փոխարեն 270 մլն դարձնելը, բնապահպանության նախարարը պատասխանեց, որ այդ որոշումը վերապահված է կառավարությանը. «Այս հարցը դիտարկել որպես ինտրիգ կառավարության անդամների միջեւ կամ կոալիցիայի մեջ ճեղք գտնելու առումով, այդպես չէ: Որոշ անձինք այդպես են փորձում մեկնաբանել, բայց իրականում շատ ավելի լավ է, որ քննարկումներ են տեղի ունենում, արդյունավետ տեսակետների բախման արդյունքում կարող է որոշում կայացվել»: