Անցած 6 ամսվա ընթացքում միայն արագության գերազանցման հետեւանքով Հայաստանում տեղի է ունեցել 394 ավտովթար, զոհվել է 43, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 621 մարդ։
Մարտի լույս 5–ի գիշերը Volkswagen Golf-ը երթեւեկելի գոտուց դուրս է եկել Մեծամորից Արմավիր տանող ճանապարհին։ 58–ամյան վարորդը քիչ անց Մեծամորի հիվանդանոցում մահացել է։ Նախնական վարկածով, մեքենան արագ է վարել։
Մարտի 21–ին, ժամը 14։05-ին «ՎԱԶ 2107–ը Սեւան–Երեւան ավտոճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել գովազդային վահանակի սյանը։ 56–ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Նախնական վարկածով, ժիգուլին արագ է ընթացել։
Ապրիլի 10–ին, ժամը 8։30, Nissan–ը Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը։ 23–ամյա վարորդը տեղում մահացել է։ Նախնական վարկածով, մեքենան արագ է ընթացել ։
Մայիսի 1–ին, ժամը 21։20, BMV–ն դուրս է եկել Շիրակի փողոցի հանդիպակաց գոտի, բախվել բենզալցակայանի լիցքակետին, ապա գովազդային վահանակի սյանը։ Առջեւում նստած 26–ամյա երիտասարդը տեղում մահացել է, վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական վարկածով, BMV –ն արագ է ընթացել։
Հունիսի 21–ին, ժամը 23։15–ին, Գարեգին Հովսեփյան փողոցում Mercedes–ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել պարսպին, ապա էլեկտրասյանը։ Առջեւում նստած ուղեւորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Նախնական տվյալներով, մեքենան արագ է ընթացել։
Հունիսի 24–ին, ժամը 17։30–ին, Հաղարծին վանական համալիր տանող ճանապրհին Opel–ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, գլորվել ձորը։ 30–ամյա վարորդը տեղում մահացել է։ Նախնական վարկածով, մեքենան արագ է ընթացել։
Հունիսի լույս 25–ի գիշերը, Գյումրի–Երեւան ավտոճանապարհին վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, 300 մետրից ավելի ընթացել է մի քանի անգամ շրջվելով։ Վարորդը տեղում, իսկ 43–ամյա եղբայրը վթարից ժամեր անց մահացել են։ Նախնական վարկածով, Opel–ը արագ է ընթացել։
Հուլիսի 2–ին, ժամը 18։30, Արարտի մարզում Volkswagen Golf–ը երթեւեկելի գոտուց դուրս է եկել Երեւան– Երասխ ճանապարհին։ Մեքենան գլորվելով, հայտնվել է դաշտում։ Վարորդի 2 տարեկան տղան մահացել է։ Նախնական տվյալներով, մեքենան արագ է ընթացել։
Անցած 6 ամիսների ընթացքում ՀՀ–ում տեղի է ունեցել 1499 ավտովթար, զոհվել է 101, վիրավորվել՝ 2216 մարդ։
Մեր երկրում տարեցտարի նվազել են այն դեպքերը, երբ վնասվածքներ ստացած անձինք մահանում են պատահարից օրեր անց։
2010–ին 1000 վիրավորից մահացել է 100–ը, 2011–ին՝ 1000–ից 88–ը, 2012–ին՝ 77–ը, 2013–ին՝ 75–ը, 2014–ին՝ 62–ը, 2015–ին՝ 68–ը, 2016–ին 1000 վիրավորից մահացել է 56–ը։ Այս տարիներին ճանապարհային ոստիկանությունը հանդես է բերել հետեւողականություն, ստիպել վարորդներին պահել այն կանոնները, որ անտեսվում էին։ Այսօր կարելի է փաստել, որ վիրավորների զգալի մասը չի մահացել ամրագոտու շնորհիվ։











