Արցախում հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել: Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1997 թվականին ծնված ժամկետային զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: Զինծառայողը Վայոց Ձորի Հորբատեղ գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից: Վազգեն Պողոսյանը երկու քույր ուներ, եղբայրը տարիներ առաջ դժբախտ պատահարի զոհ էր դարձել:

«Հաց բերողի» մահից չորս ամիս անց գլխավոր դատախազն այսօր Ազգային ժողովում հայտնել է, թե ինչու է երկրորդ անգամ կալանավորվել Արթուր Սարգսյանը: Արթուր Դավթյանը կրկին կոչ է արել չշահարկել «Հաց բերողի» մահվան հանգամանքը, քանի որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ շատ տեղեկություններ բացահայտել չի կարող:

Այնուամենայնիվ, որոշ փակագծեր բացել է՝ նշելով, որ Արթուր Սարգսյանի երկրորդ անգամ կալանավորումն այնքան էլ կապ չուներ առողջական խնդիրների հետ: Գլխավոր դատախազի հավաստմամբ՝ «Հաց բերողին» երկրորդ անգամ կալանավորել են, քանի որ հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին: Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը խոսում է «Հաց բերողի» մահից առաջ գլխավոր դատախազի հետ ունեցած զրույցի մասին, երբ, իր խոսքով, զգուշացրել էին, որ Արթուր Սարգսյանի վիճակը ծանր է եւ կարող է մահանալ:

Նիկոլ Փաշինյանն այսօր գլխավոր դատախազի հետ «բլոտի» տերմիններով էր խոսում: Բացի «Հաց բերողի» դեպքից՝ նա եւս երեք «քուանշ» հայտարարեց Արթուր Դավթյանին. մարտի 1, Անդրիաս Ղուկասյան, «Սասնա ծռերի» անդամներին տեսակցելու արգելք: Իսկ դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի զրոյացման մասին Արթուր Դավթյանի հուլիսի 7-ի հայտարարությանն այսօր Փաշինյանը «բլոտի» մեկ այլ տերմինով է արձագանքել: Կոռուպցիայի մասին Արթուր Դավթյանի հայտարարությունը չի վրիպել նաեւ Նաիրա Զոհրաբյանի ուշադրությունից: Պատգամավորը չի կարողացել զսպել հեգնանքը:

Սրանով գլխավոր դատախազության վերաբերյալ քննարկումներն ավարտվել են: Թեժ էր նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաշվետվության քննարկումը: Տիգրան Մուկուչյանի՝ 30 րոպեանոց ելույթից հետո «Ելք»-ի անդամները հիշեցրել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ հրապարակված դպրոցների տնօրենների, «ՍԱՍ» սուպերմարկետի ձայնագրությունների, Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին հայտնաբերված ընտրակաշառքի ուղեցույցների մասին ու հետաքրքրվել. վարչական ռեսուրսի չարաշահում, ի վերջո, եղե՞լ է: Տիգրան Մուկուչյանի՝ ոչինչ չասող պատասխանը վերջնականապես հունից հանել է Փաշինյանին ու հիշեցրել խորհրդային տարիների հայտնի արտահայտությունը:

Իսկ մինչ Փաշինյանն Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեղադրանքներ էր հնչեցնում Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի հասցեին, «Ելք»-ից նրա գործընկեր Սասուն Միքայելյանը միջանցքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է. լավ կլիներ՝ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնար: Միքայելյանը շտապել է ընդգծել, որ դա իր անձնական կարծիքն է, եւ պարզաբանել է դրա դրական կողմերը:

Իրաքյան բանակը Մոսուլում բարձրացրել է երկրի պետական դրոշը: Վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է «Իսլամական պետության» զինյալներից Մոսուլն ազատագրելու մասին եւ քաղաք ժամանել՝ զինվորականներին այդ կապակցությամբ շնորհավորելու համար: 2014 թվականի հունիսից ԻՊ-ի զինյալների ձեռքում գտնվող Մոսուլի համար մարտեր էին ընթանում 2016 թվականի հոկտեմբերի 17-ից: Իրաքյան բանակի հրամանատարության տվյալներով՝ Մոսուլի համար մարտերում իրաքյան բանակն ու քրդերը շուրջ 30 հազար զոհ եւ վիրավոր են տվել, իսկ Մոսուլի արեւմտյան հատվածի ազատագրման գործողությունների ժամանակ 4 հազար քաղաքացիական անձ է զոհվել:

Ռուսաստանում մահվան ելքով վթարի պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին առաջիկայում Հայաստանին կփոխանցեն՝ հայրենիքում պատիժը կրելու համար: Ռուսական դատարանի որոշումն ուժի մեջ է մտել: Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով Պոդոլսկի մերձակայքում բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել: Հարությունյանը դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ժամկետով ազատազրկման: Հարությունյանին արտահանձնելու գործընթացը ձգձգվում էր, քանի որ, պաշտոնական աղբյուրների համաձայն, նրա դեմ մի քանի քաղաքացիական հայց է ներկայացվել:

Մամուլի հրապարակումների համաձայն էլ՝ հայ վարորդի արտահանձնումը կապում էին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի արտահանձնման հետ: Պերմյակովը Ռուսաստանին փոխանցվեց այս տարվա մայիսի 18-ին:

4-ամյա երեխայի մահվան համար դաստիարակչուհին ընդամենը 3 ամսվա ազատազրկման է դատապարտվել: Դատարանը որոշել է, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Ալավերդիից 4-ամյա Ռոբերտին Դեբեդ գետի ափին մահացած էին գտել այս տարվա փետրվարին: Գործով ամբաստանյալը՝ մանկապարտեզի դաստիարակչուհի Գայանե Մալխասյանը, ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ըստ մեղադրանքի՝ դաստիարակչուհին անուշադրության է մատնել 4-ամյա տղային, ինչի արդյունքում երեխան դուրս է եկել մանկապարտեզի շենքից եւ գնացել դեպի գետը: Դեպքից հետո դաստիարակչուհին եւ մանկապարտեզի տնօրենն ազատվել էին աշխատանքից, սակայն տնօրենին մեղադրանք չի առաջադրվել:

Վախճանվել է «Մայրիկ» ֆիլմի աստղ Իզաբել Սադոյանը: Դերասանուհին 89 տարեկան էր: Իզաբել Սադոյանն Անրի Վերնոյի ֆիլմում մարմնավորել է Աննային: Դերասանուհին հանդես է եկել ավելի քան 50 ֆիլմում եւ 25 թատերական ներկայացումներում, մասնակցել հարյուրից ավելի հեռուստատեսային նախագծերի: Իզաբել Սադոյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր էր:

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է, եվրոն էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը հուլիսի 10-ին կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 545, ռուբլունը՝ 7 դրամ 94 լումա, ֆունտինը՝ 616 դրամ:

Հուլիսի 11-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +21+23, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն: Հուլիսի 11-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը բարձր է լինելու՝ 7: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: