Քաղաքացիների շրջանում ընդհանուր դժգոհություն կա կարմիր գծերի վճարի թանկացման որոշման առնչությամբ, այնուամենայնիվ, օգոստոսի 1-ից բոլորն էլ վճարելու են 49 դրամ միջնորդավճարը։
«Մեզ էլ ձեռ չի տալիս ոչ էս երկրում ապրելը, ոչ էլ կարմիր գծերը մուծելը, բայց ստիպված պիտի մուծենք, որովհետև բռնապետական պետություն ա»,- NEWS.am-ի անցկացրած հարցախույզի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիներից միայն մեկը խոսեց այս որոշման դեմ պայքարի անհրաժեշտության մասին: «Ժողովուրդը այսօր հազիվ է գոյատևում, գտնում եմ, որ պետք չի, դրա դեմ պետք է պայքարել, եթե այսօր լինում է այդ թանկացումը, վաղը, մյուս օրը ուրիշ բաներ կլինեն»,- նշեց նա:
Հարցման մասնակիցների մի մասն ասաց, որ պարզապես խուսափում է կարմիր գծերով ավտոկայանատեղիներում մեքենան կայանելուց: « Գերադասում եմ երկրորդ շարք կանգնել, կարմիր գիծ չկանգնել, ոչ թե զլանում եմ, դրա համար, այլ ինչի՞ տամ: Յանի շատ հոժար էինք էդ հարյուր դրամները, թող հազար դրամ սարքեն միանգամից, տենց ավելի լավ կլինի»,- դժգոհեց քաղաքացին:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին քաղաքացիները «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության կողմից ծանուցվել էին օգոստոսի 1-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղի վճարը մեկ ժամվա համար 100 դրամի փոխարեն 149 դրամ դարձնելու մասին, որից 24,8 դրամը բջջային օպերատորի միջնորդավճարն է, 24,2 դրամը՝ ԱԱՀ-ն: Իրականում վճարը ոչ թե թանկացել է, այլ վճարովի ավտոկայանատեղիների կառավարումը քաղաքապետարանին հանձնելուց հետո «Փարկինգ Սիթի Սերվիսը» այլեւս չի վճարում օպերատորների միջնորդավճարը՝ այդ բեռը փաստացի թողնելով վարորդների վրա։











