2018 թվական պետք է մուտք գործենք 100-տոկոսանոց շտկված, ձեւափոխված, կերպարանափոխված, բարեփոխված ոստիկաններով, չնայած դրան շատ խոչընդոտներ կան, այդուհանդերձ, դա մեր ծրագիրն է: Այս մասին, հուլիսի 14-ին կայացած ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:

«Մենք 3-րդ եռամսյակին որոշումներ կկայացնենք անձնակազմի վերաբերյալ: Իսկ հիմա կամփոփենք ու կնշենք եղած թերությունները, որոնք մեզ խանգարում են: Իսկ երեք ամիս հետո կանդրադառնանք դրանց շտկման եղանակների արդյունավետությանը: Իսկ արդեն 9-րդ ամսում կորոշենք՝ ովքեր են մնում շարունակելու, ովքեր կամք ունեն շարունակելու բարեփոխումների ծրագիրը, իսկ ովքեր ծուլացած են, հրաժեշտ կտամ համակարգին»,-հայտարարել է նա:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաեւ ոստիկանական զորքերին, նշելով. «Ամեն օր որակական փոփոխություն ապրող ոստիկանական զորքեր: Ես չեմ ուզում ոստիկանության զորքերում ինչ-որ մեկին առանձնացնել, բոլորն էլ պատվախնդիր տղերք են, ընտանիք է ստեղծված ոստիկանական զորքերում: Ես շատ կուզենամ, որ ոստիկանությունում մենք լինենք այդպես միաբանված, գաղափարակից ու սրտացավ»: