«Ելք» դաշինքը առաջ քաշելով Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը, փորձում  է  հաճոյանալ ինչ-որ ուժերի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ առայժմ չնշելով  ինչ նկատի ունի։

Նրա խոսքով՝այդ հարցը արդիական չէ, իսկ իրագործումը՝ անհավանական։

«Քանի որ հարցը արդիական չէ, բնականաբար նաեւ հավանական չէ, որեւէ հիմքեր չեմ տեսնում ԵՏՄ-ից դուրս գալու եւ ես խնդրում եմ մեր քաղաքական գործիչներին պատգամավորներին ու ակցիայի մասնակիցներին ուսումնասիրել մեր տնտեսական համագործակցությունը ԵՏՄ-ի հետ եւ համեմատականներ տանեն եւ տեսնեն՝ ինչ արդյունքների ենք հասել այն պարագայում, երբ մեր գործընկերոջ նկատմամբ բավականին լուրջ սանկցիաներ են եղել»։

ՀՀԿ-ականը հիշեցրել է, որ ժամանակին ԵՏՄ անդամագրվելու Հայաստանի  որոշմանը ըմբռնումով են մոտեցել Եվրամիության գործընկերները։

«Բավականին տրամաբանական են համարում մեր միացումը Եվրասիական տնտեսական միությանը, դա շատ խելամիտ որոշում էր։ Պետք է շարունակենք թե Եվրամիության, թե Եվրասիական միության հետ համագործակցությունը,  անիմաստ եմ համարում նման տիպի ակցիաները եւ չեմ ուզում ավելի վատ տերմիներով խոսել։  Կգա ժամանակը գնահատականներ կտամ»։

Վահրամ Բաղդասարյանը խոստացավ ավելի ուշ հրապարակել , թե դաշինքը իր այդ օրակարգով  ում է փորձում դուր գալ:

«Անիմաստ քայլերի են դիմում քաղաքական դաշտում կայանալու համար։ Չգիտեմ՝ նրանք ում են ցանկանում դուր գալ։ Ում որ ցանականում են դուր գալ, թող այդ կողմից աջակցություն ստանան։ Հանրության կողմից՝ ոչ»։

Դիտարկմանը՝ Արեւմուտքի՞ն է ակնարկում, Բաղդասարյանը արձագանքեց․ «Այդ մասին ես ավելի ուշ կխոսեմ»։