«Ելք» դաշինքի ներկայացրած փաստարկները Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ հիմնավորված չեն, բազմակողմանի չեն եւ ոչ լիարժեք են: Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Պատգամավորը խոստացավ իր տեսակետը պատճառաբանել եւ հիմնավորել խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ: «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ ելույթ ունենալիս ես ասել եմ, որ տնտեսական բովանդակության հետ միասին սա քաղաքական նախաձեռնություն է: Տարբեր երկրների ներառող ցանկացած ինտեգրացիոն գործընթաց չի կարող քաղաքական բովանդակություն չունենալ կամ քաղաքական շահերը չշոշափել: Սա աքսիոմատիկ ճշմատություն է: Քաղաքական տեսակետից հարցն այն է, որ ամբողջ աշխարհում չկա որեւէ ինտեգրացիոն միավորում՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, եվրոպական մայրցամաքում, որտեղ անդամ երկրների միջեւ առանձին հարցերում տարաձայնություններ չլինեն: Նույնիսկ ամենակայացած ռազմաքաղաքական դաշինք ՆԱՏՕ-ում է այսպես»,- նշեց Ֆարմանյանը՝ շարունակելով, որ համաշխարհային լրատվամիջոցները այսօր լի են Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների լարվածության մասին հրապարակումներով: «Մենք, որպես կայացած պետություն, պետք է հասկանանք՝ Հայաստանն ինչպիսի ինտեգրացիոն միավորումում էլ լինի, միանգամայն բնական է, որ անդամ երկրների միջեւ միշտ չէ, որ միասնություն կամ միանման կարծիք կլինի: Սա միանգամայն օրինաչափ է»,- հաելեց Սամվել Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությամբ: