Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԵԱՏՄ-ից դուրս գալու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք»-ի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ կրքերը թեժացան. Նիկոլ Փաշինյանը սկսեցին միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչով »Ելք»-ին չի բավարարում մշտական հանձնաժողովների ձեւաչափը:

«Պարոն Աշոտյան ԱԺ Կանոնակարգ օրենքը տարբեր հարցերին տարբեր ձեւաչափեր է նախատեսում: Երբ ձեր կուսակցության մեծամասնությունը կողմ էր քվեարկում, նրան ինչո՞վ չէր բավարարում մշտական հանձնաժողովների ձեւաչափը, ի՞նչ պատճառով ձեր խմբակցությանը չէր բավարարում, որ առանձին հայտարարությունների համար կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով»,- պատասխանեց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Արմեն Աշոտյանը պնդեց հարցը, ինչին Փաշինյանը հեգնախառն արձագանքեց. «Փաստորեն պազվեց, որ ծանոթ չեք ձեր գործընկերների մոտիվացիաներին, ես պատասխանեմ՝ ժամանակավոր հանձնաժողովը զբաղվում է միայն մեկ հարցով, ունի 2-ամսյա ժամկետ, կարող է հարցի մեջ խորանալ, ընդհուպ դռնփակ նիստերով քննարկումներ անել, Սերժ Սարգսյանին հրավիրել եւ պարզաբանումներ պահանջել սեպտեմբերի 3-ի գիշերվա մասին: Խորհուրդ եմ տալիս ուշադիր կարդալ եւ անպատեհ հարցեր չտալ»:

ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց վերադառնալ կոռեկտության սահմանները. «Ավելի լավ է՝ անդրադառնաք այն ներքին խնդիրներին, որոնք կան ձեր դաշինքում: Ես ադրբեջանական սադրանքներին չեմ տրվել, հիմա այստեղ էլ չեմ սադրվի»:

Փաշինյանը կրկին խայթեց. «Երեւում է, որ տպավորվել եք, զգույշ, տպավորության տակ չմնաք»:

Հարակից զեկուցող Հերմինե Նաղդալյանն էլ իր հերթին Աշոտյանին «մեղադրեց» շատ համբերատար լինելու մեջ: