Ոստիկանության հետախության գլխավոր վարչության  ծառայողներն, իրականացնելով օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել  43-ամյա Հրաչյա Առաքելյանին։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկանության բաժնում խոստովանել է, որ նախորդ օրը երեկոյան իրեն պատկանող թոնրատան հետնամասում  զայրացած ժամանակ օգտագործել է իր անվամբ գազային ատրճանակը։

Ոստիկաններին է ներկայացրել նաեւ ատրճանակը, որն առգրավել եւ փաթեթավորվել է։ Կատարվում է հետաքննություն։

Հրաչյա Առաքելյանը բացատրություն է տվել, որից հետո ազատ է արձակվել:

Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Հրաչյա Առաքելյանը երգչուհի Լիդուշիկի` Լիդա Առաքելյանի հայրն է: Նա հայտնի է որպես քրեական հեղինակություն` «Ղզղզ» մականունով:

Նշենք, որ սա այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ գազային ատրճանակից Երեւանում կրակոցներ են հնչում: Մասնավորապես, սեպտեմբերի 25-ի երեկոյան Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս Որսորդական զենքեր եւ պարագաներ» ընկերության դիմաց միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ էլ վիճաբանող անձանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ էր արձակել: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):