Ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի  ծառայողները սեպտեմբերի 28-ին ստուգել են մայրաքաղաքի Նալբանդյան-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկի մոտ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ կայանած ռուսական համարանիշերով «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդի փաստաթղթերը։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է՝ տրանսպորտային միջոցը 2016 թ․ հունիսի 3-ին հաշվառվել է Հայաստանի հանրապետությունում։ Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության  հատուկ պահպանվող տարածք։

Վարորդի նկատմամբ կայանման կանոնները խախտելու եւ փոխարինված համարանիշերով երթեւեկելու համար  կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ  համապատասխան արձանագրություն։ Կազմված նյութերը կփոխանցվեն ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն հետագա ընթացքը լուծելու համար։