ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպրետիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Ռ. Ս. կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են՝ պարզվել է, որ Շ. Ս.-ն նույն դպրոցում ձեւակերպված է եղել որպես սոց. մանկավարժ, 2015 թվականի մայիսից մինչեւ 2016 թվականի հունիսի վերջ չի հաճախել աշխատանքի, որից շուրջ 4 ամիսը բացակայել է ՀՀ-ից: Սակայն պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատավարձի ցուցակների հիման վրա կազմված վճարային տեղեկագրերում նրա անվան դիմաց ստորագրել է այլ անձ եւ տնօրեն Ռ. Ս.-ի կողմից դուրս է գրվել աշխատավարձ ու վատնման եղանակով հափշտակվել:
Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով խոշոր չափի գումարի հափշտակություն եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում 2017թ. նոյեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:











