Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հոկտեմբերի 27-ին մի կին հանցագործության հաղորդում էր տվել, որ նախորդ օրը, ժամը 13․30-ի սահմանններում Նոր Նորքի առաջին զանգվածի սուպերմարկետներից մեկում իր ծանոթ Արմենը զանգահարելու համար վերցրել էր նրա հեռախոսն ու անհետացել։
Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվեց, որ Արմենը 1992 թ․ ծնված Արմեն Խ.-ն է, ով ոստիկանության տեղեկություններով նաեւ թմրամիջոց էր օգտագործում։ Ոստիկանների հետախուզական եւ որոնողական գործողությունների արդյունքում Խաչատրյանը նոյեմբերի 2-ին ժամը 23-ի սահմաններում Մխչյան փողոցից հայտնաբերվել եւ խարդախություն կատարելու եւ թմրամիջոց պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Բաժնում խուզարկության արդյունքում Արմեն Խ-ի մոտից հայտնաբերվեց «Սփայս» տեսակի թմրամիջոց եւ կաթուցիչ։ Իսկ հեռախոսը, որ խաբեությամբ հափշտակել էր, վաճառել էր։ Հարուցվել է քրեական գործ, Արմեն Խ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։
Ոստիկանների հետախուզական գործողություններն շարունակվեցին, որպեսզի պարզեն, թե ումից է նա ձեռք բերել թմրամիջոցը։ Արդյունքում, նոյեմբերի 3-ին Մասիս քաղաքի Հերացի փողոցից ոստիկանները հայտնաբերեցին եւ ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ իրացնելու կասկածանքով Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Մարիամ Շ.-ին։ Խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվեց մուգ շագանակագույն զանգվածով պոլիէթիլենային 15 փաթեթ։ Ըստ կասկածյալի, «Սփայս» թմրամիջոց էր։ Մարիամ Շ.-ն կալանավորված է։ Գործի քննությունը շարունակվում է։











