Ընտանիքում բռնության մասին օրենքի նախագիծը իր բովանդակությամբ հեռու է մեր բարքերից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին, ԱԺ-ի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Եթե զտարյուն եվրոպացի ենք ուզում երեւալ, պետք է ասեմ, որ այս օրենքը այնքան հեռու է մեր բարքերից, որքան այս սենյակը Հավայան կղզիներից»,–նշեց նա։
Գեւորգ Պետրոսյանը զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է ընտանիքում համերաշխությունը օրենքով հաստատվել։ «Եթե այդպես է, ապա պետք է լինի նաեւ օրենք ընտանիքում տրամադրության բարձրացման, ընդդեմ տրամադրության անկման, բարիդրացիական ավանդույթների պահպանման մասին»,–զարմանք հայտնեց նա։
Պատգամավորի կարծիքով՝ օրենքի բաց է նաեւ ապաստարանների սեռային կազմի չհստակեցումը։ « Եթե ապաստարանում մի բռնությունից տուժած տղամարդ որոշի մխիթարել բռնությունից տուժած մի այլ կնոջ, այդ դեպքում ինչ ենք անելու»,–շեշտեց պատգամավորը։
Օրենքի մեկ այլ թերություն, նրա կարծիքով, այն դրույթն է, որով ոստիկանը կարող է մտնել տուն եւ մնալ այնքան ժամանակ մինչեւ տուժածը շորերը հավաքի։ «Իսկ եթե տուժածը հայտնի ֆիլմի հերոս Օստափ Բենդերը չի, որ մի շարֆ եւ մի գլխարկ վերցնի, ուրեմն ի՞նչ՝ ոստիկանը 4 ժամ պետք է մնա տուժողի տանը եւ դիրիժորի փայտիկով մատնանշի՝ ո՞ր շորը վերցնել»,–իր ելույթում մտահոգություն հայտնեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» լրամշակված օրինագիծը։ Սակայն մինչ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելը օրինագիծը քննարկվում է ԱԺ-ի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում:
Նշենք, նաեւ որ հիշյալ օրենքի նախագիծը մինչեւ լրամշակումը բուռն քննարկման թեմա էր դարձել, այդ թվում՝ ՀՀԿ-ականների շրջանակում: Նրանք դեմ էին արտահայտվել օրենքի մի շարք դրույթներին եւ ՀՀԿ-ի հրավիրած նիստում սպառնացել էին դեմ քվեարկել, եթե այդ տեսքով բերվի ԱԺ եւ դրվի քվեարկության:











