Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը կարծում է, որ բանակից խուսափածների մի մասը, որը ցանկություն ունի վերադառնալու Հայաստան, վստահաբար կունենա տուգանքի համար անհրաժեշտ 3 մլն 6 հարյուր հազար դրամը:
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց տուգանքը վճարելու համար ժամկետ սահմանել, օրինակ, 6 ամիս:
«Երկրորդ, պետություն ա, կարող ա միամիտ բարձրանա աշխատավարձը: Աստված ոչ անի, բայց բարձրացավ, ի՞նչ եք անելու»,- հեգնեց պատգամավորը:
Հարակից զեկուցող Ռոմիկ Մանուկյանը նշեց, որ հասկանում է մտահոգությունը, բայց օրենքը մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը երկարացնելը պատգամավոր Կորյուն Նահապետյանի առաջարկն է եղել:
«Ինչ վերաբերում է գումարին, ապա կարծում եմ՝ էն մարդը, որը սպասում է այս օրենքին, կունենա այդ 3 մլն 600 հազար դրամը»,- ասաց Ռոմիկ Մանուկյանը:
Նշենք, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս այն անձանց, որոնք խուսափել են բանակում ծառայելուց եւ լրացել է նրանց 27 տարեկանը, տուգանք վճարել եւ ազատվել քրեական հետապնդումից: Դա թւոյլ կտա այդ մարդկանց վերադառնալ հայրենիք: Ըստ փոփոխությունների, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի առաջարկով, օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք՝ դեռևս 2003 թվականին ընդունված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում մինչ այժմ արդեն 8 անգամ փոփոխություն է կատարվել՝ հազարավոր երիտասարդների պարբերաբար հնարավորություն տալով վերադառնալ Հայաստան: Սահմանված նախորդ ժամկետը լրացել էր 2015 թվականի մայիսին:
Ի դեպ՝ Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր նման հնարավորություն օրենքով տրամադրել վերջին անգամ, այլևս թույլ չտալով գումար վճարելով խուսափել զինծառայությունից։ ՊՆ այդ առաջարկը, սակայն, մերժվեց: Ընդ որում՝ նաև իշխող ՀՀԿ-ի կողմից:











