Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ բանակից խուսափածների վերաբերյալ օրինագծի քննադատը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

«Մեր դիրքորոշումը լավ գիտեք, այն չի փոխվել, մենք շարունակում ենք դիտարկել սա՝ ծառայությունից խուսափելու օրինական ճանապարհ, սա կարծես դարձել է խուսափումների հաշվարկային մեխանիզմ: Մարդիկ մտածում են՝ այդ 9 տարին դրսում կանցկացնենք ու ոնց էլ չլինի էդ գումարը կբերենք, կմուծենք ու կպրծնենք: Մենք շարունակում ենք մնալ այս նախագծի քննադատը»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Փոխնախարարը կրկին ընդգծեց, որ իրենց խնդիրը գումարը չէ, այլ այն հանգամանքը, որ ծառայությունից խուսափածների բեռն ընկնում է Զինված ուժերի ժամկետային զինծառայողների եւ սպայական կազմի վրա. «Ուրիշների չծառայելու պատճառով իրենք են ավելի մեծ պատասխանատվության տակ ընկնում»:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի առաջարկին, որ անհրաժեշտ է ժամկետ սահմանել տուգանքը վճարելու համար, Արտակ Զաքարյանը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկել: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի առաջարկությանը՝ գումարը չունեցողներին թույլ տալ ծառայել որպես պայմանագրային, Պաշտպանության նախարարի տեղակալը հիշեցրեց, որ օրենքով պայմանագրային ծառայության կարող են անցնել միայն ժամկետային ծառայությունն անցած անձինք:

Նշենք, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս այն անձանց, որոնք խուսափել են բանակում ծառայելուց եւ լրացել է նրանց 27 տարեկանը, տուգանք վճարել եւ ազատվել քրեական հետապնդումից: Դա թւոյլ կտա այդ մարդկանց վերադառնալ հայրենիք: Ըստ փոփոխությունների, բանակից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից եւ անարգել վերադառնալ հայրենիք: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի առաջարկով, օրենքը կգործի մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք՝ դեռեւս 2003 թվականին ընդունված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում մինչ այժմ արդեն 8 անգամ փոփոխություն է կատարվել՝ հազարավոր երիտասարդների պարբերաբար հնարավորություն տալով վերադառնալ Հայաստան: Սահմանված նախորդ ժամկետը լրացել էր 2015 թվականի մայիսին:

Ի դեպ՝ Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր նման հնարավորություն օրենքով տրամադրել վերջին անգամ, այլեւս թույլ չտալով գումար վճարելով խուսափել զինծառայությունից։ ՊՆ այդ առաջարկը, սակայն, մերժվեց: Ընդ որում՝ նաեւ իշխող ՀՀԿ-ի կողմից: