ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Գյումրի քաղաքի առաջնային խնդիրներին: Նա նշեց, որ երկրաշարժից տարիներ անց Գյումրիում հազարավոր մարդիկ շարունակում են ապրել տնակներում, ունեն բազմաթիվ խնդիրներ, անտեսված են, աշխատատեղեր չկան:

«Գյումրիում ամեն երկրորդ տունը դատարկվում է, մեր վարպետները ամբողջ աշխարհում համբավ ունեն, բայց այսօր այդ վարպետները փողոցում չափչփում են, գումար չեն կարողանում աշխատել: Իսկ գյումրեցի տղամարդը սովոր է, որ դատարկ ձեռքով տուն չմտնի, երբ տուն է մտնում, հիմա երեխաներն ասում են՝ «Պապա ջան, սոված եմ, պապա ջան հաց կուզեմ», հոր սիրտն է պայթում դրանից»,-ասաց նա:

Վարդան Ղուկասյանը նշեց, որ սոցիալական խնդիրների պատճառով գյումրեցիները հեռանում են քաղաքից, այն դատարկվում է. «Ցավում եմ, որ 300 հազարանոց Լենինականում այդքան մարդ չէր մահանում, ոնց որ 150 հազարանոց Գյումրիում հիմա՝ ծնելիությունն ավելի քիչ է, քան մահացությունը: Երեւանի բյուջեն 85 միլիարդ դրամ է, Գյումրիինը՝ 3 միլիարդ դրամ է: Մենք սիրում ենք Երեւանը, երբ երկրաշարժի օրը մարդկանց քարերի տակից հանում էին, առաջին բանը որ հարցնում էին՝ «ծո հո Երեւանին բան չի եղելն» էր»: