ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքը Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո դադարեցրել է բարեգործական ծրագրերը: «Հիմա կարող եք գնալ ու տեսել՝ աշխատո՞ւմ է տրանսպորտը, թե՝ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ տեղեկությունները սուտ են:
Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե ով է շահագրգռված նման տեղեկություններ տարածելու հարցում:
«Ինչ մենք արել ենք, ինչ նախագծեր, ինչ բարեգործական ծրագրեր որ սկսել ենք, հիմա էլ շարունակվում են եւ որեւէ բանի հետ կապ չունեն»,- հավաստիացրեց Արգամ Աբրահամյանը:
Անդրադառնալով Արտաշատի նոր քաղաքապետի հետ իր հարաբերություններին, նա նշեց, որ հարաբերությունները նորմալ են. «Շատ վաղուց ճանաչում եմ: Մեզ համար նա ընդունելի թեկնածու էր եւ սատարել ենք»:
Ինչ վերաբերում է հոր՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կրկին քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, Արգամ Աբրահամյանը նշեց, թե ինքն այդ հարցին պատասխանել չի կարող: «Ինքը շատ զբաղմունքներ ունի ու զբաղվում է»,-ընդգծեց Արգամ Աբրահամյանը:











