Տաջիկստանի Հանրապետություն պետական այցի ժամանակ Մոսկվայի օդանավակայանի անցակետում հանել են տվել Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գոտին: Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության անդամներին հարց ուղղեց՝ չկա արդյոք միջպետական պայմանագիր, ըստ որի պաշտոնյաների ստուգումը նման կերպով չկազմակերպվի:

«Պարոն վարչապետ, հարցս վերաբերում է  Էդվարդ Նալբանդյանին, բայց նա այստեղ չէ, այնուամենայնիվ, հարցս ուղղեմ, մի՞գուց Դուք որոշեք, թե ով պատասխանի, Разрешите?: Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով Ազգային ժողովից պատվիրակություն էինք մեկնել Տաջիկստան: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում ուշացում եղավ, անցումային կետում էլ երկրի երկրորդ դեմքին խուզարկում են, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ մեր ամբողջ ժողովրդի աչքի առաջ ա անում դա: Ես հասկանում եմ անվտանգության հարց է, բայց չկա՞ միջպետական պայմանագիր, որ նման բան չլինի»:

Սասուն Միքայելյանի կառավարության անդամներից ոչ ոք չպատասխանեց: