Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում խոստովանել է, որ իրենց խմբակցության պայքարն իշխող Հանրապետական կուսակցության դեմ չէ, խմբակցության քննադատության թիրախում միայն այդ կուսակցության քաղաքականությունը իրականացնող կառավարությունն է։
Պարոն Պետրոսյան, «Ծառուկյան» խմբակցությունը կոշտ քննադատում է կառավարության գործունեությունը, ներկայացրած բյուջեն, որն արտահայտում է Հանրապետական կուսակցության քաղաքականությունը։ Միաժամանակ խոսվում է 2018-ին ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինքի կոալիցիայի հավանականության մասին։ Այս քաղաքականության պարագայում որքանո՞վ է հավանական իշխանության հետ ձեր խմբակցության կոալիցիան:
Ներկա պահին նման քննարկում չի եղել եւ չկա «Ծառուկյան» դաշինքի օրակարգում, բայց ես ասել եմ ու կրկնում եմ. քաղաքականության մեջ չի կարելի բացառել ոչինչ։ Բայց եթե հանկարծ այնպես պատահի, որ «Ծառուկյան» դաշինքը դառնա կոալիցիայի անդամ, դա լինելու է մեկ նպատակով, որ փորձենք ժողովրդին հանել այս վիճակից, դա ինքնանպատակ չի լինելու։ Քաղաքականության մեջ երբեք ոչինչ չի կարելի բացառել։ Ես չեմ այն անձը, որ պետք է բացառեմ կամ հաստատեմ կոալիցիա կազմելու հավանականությունը։ Եթե հասարակական, քաղաքական պահանջ լինի, եթե ժողովուրդը, որը վստահել, ձայն է տվել, պնդի, որ մեզ ուզում է տեսնել իշխանության մեջ, միգուցե կմտածենք այդ մասին։
Ձեր խմբակցության քննադատության տիրույթում նաեւ Հանրապետական կուսակցությո՞ւնն է, թե՞ միայն կառավարությունը։
Մենք կառավարությանն ենք քննադատում, Հանրապետական կուսակցությանը չենք քննադատում։
Բայց այդ կառավարությունն իրականացնում է ՀՀԿ-ի քաղաքականությունը։
Հասկանալի է, բայց մեր պայքարը ՀՀԿ-ի դեմ չէ, որեւէ քաղաքական ուժի դեմ չէ, մեր պայքարը կառավարության դեմ է, որը, ՀՀ Սահմանադրության համաձայն, պարտավոր է կազմակերպել մեր բոլորի կյանքը։ Եթե մենք թիրախավորենք կուսակցությանը, դա քաղաքագիտական ճիշտ մոտեցում չի լինի։ Եթե կառավարության այս կամ այն անդամ իրեն ճիշտ չի դրսեւորում կամ չի կարողանում ապահովել իր գործառույթների պատճաշ իրականացումը, կուսակցությունը նրան փոխարինում է, հիմա մենք ինչպե՞ս քննադատենք կուսակցությանը։
Ամեն դեպքում, Դուք չեք բացառում, որ ՀՀԿ-ի հետ կոալցիան հավանական է։
Ոչ մի քաղաքական ուժի հետ ոչ մի հեռանկար չի կարելի բացառել, եւ այն, որ այսօր մենք քննադատում ենք, չի նշանակում, որ դա իրավաբանորեն կամ բարոյական արգելք է մեզ համար՝ ունենալ այլ հավակնություններ։











