Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների՝ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարությունները վաղաժամ է համարում։ Այս մասին նախարարն ասել է NEWS.am-ի հետ զրույցում։
Նշենք, որ ակադեմիական տարկետման իրավունքը վերականգնելու պահանջով ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ կլոր սեղան-քննարկումից հետո նախատեսված էր աշխատանքային խումբ ձեւավորել եւ առաջարկություններ ներկայացնել։ Նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, թե հնարավոր է՝ բանակցությունները դադարեցնեն, քանի որ իրենց երկրորդ՝ ծառայությունը 1.5 տարի դարձնելու առաջարկը պաշտպանության եւ կրթության նախարարությունների հակազդեցությանն է արժանացել։
«Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը։ Աշխատանքային խմբեր պիտի ձեւավորվեն, դեռ պիտի խոսեն երիտասարդները, դեռ պիտի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, իրենք հրապարակային աշխատում են, կարիք լինի՝ հայտարարություն կանեն: Իմ կարծիքով, դեռ վաղ է խոսել այդ մասին»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:











