Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահին հորդորեց օրինագծերի քվեարկության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հաղորդել՝ թյուրիմացություններից խուսափելու համար: Բանն այն է, որ օրինագծերի քվեարկությանն այսօր չէր մասնակցում գործուղման մեջ գտնվող 6 պատգամավոր եւ նրանք իրենց դրական եզրակացությունն էին թողել, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ քվեարկությունների ցուցատախտակին նշված թվին միանգամից գումարում էր այդ 6 պատգամավորի ձայնը եւ հաղորդում վերջնական թիվը:
«Ցավոք սրտի, Ազգային ժողովի հեղինակությունը այնքան էլ բարձր չի, բայց, օրինակ լուրերի թողարկումով ցույց են տալիս այս ցուցատախտակը, որտեղ գրված է 86 կողմ, սակայն, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է՝ 95 կողմ: Ներկա եմ եղել միջավայրում, որտեղ ասում են՝ օրը ցերեկով 7-8 ձայն խաբում եք: Էդ ծրարներով քվեարկության պրակտիկան կարծում ենք, որ հակասահմանադրական է եւ ձեր ուշադրությունը հրավիրեցի, թե ինչպիսի արձագանքների է արժանանում այս գործելաոճը»:
Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորի նկատողությանը պատասխանեց. «Շատ լավ, այսուհետ ես կհնչեցնեմ, որ 6 պատգամավորներ, որոնք գործուղման մեջ են, իրենց ձայնը տալիս են այդ նախագծին եւ կհորդորեմ, որպեսզի լուրերը պատշաճ ձեւով լուսաբանեն, որպեսզի իմանան, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորի իրավունքները պաշտպանված են»:











