Հնդկաստանի Ջասպուր քաղաքում դինոզավրի նմանվող կենդանու կմախք են հայտնաբերել, որի ոսկորների վրա դեռեւս պահպանվել է մարմինը, հաղորդում է The Mirror-ը։
Կենդանու մասնակի պահպանված մարմինը գտել է լքված ենթակայանում աշխատանքներ իրականացնող էլեկտրիկը։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, որի արդյունքում պետք է պարզեն նաեւ կենդանու տարիքը։
Փորձագետների խոսքով, թեեւ կենդանին փոքրիկ երկոտանի դինոզավրի է հիշեցնում, սակայն դինոզավրերի այդ տեսակը ոչնչացել է մոտ 65 մլն տարի առաջ։
«Չթռչող դինոզավրերը ոչնչացել են մոտ 65 մլն տարի առաջ, բայց հայտնաբերված էակն իսկապես հիշեցնում է նրանց»,-ասել է Դելֆիի համալսարանի հնեաբանական գիտությունների դոկտոր Աարյան Կումարն ու հավելել.«Բայց դինոզավրի կմախքը չէր կարող այսքան լավ պահպանված լինել միլիոնավոր տարիներ հետո»։
Մասնագետը հավելել է, որ գիտնականները պետք է նաեւ պարզեն, թե ինչպես է կմախքը հայտնվել տեղի էլեկտրական ենթակայանում։











