Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը  ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հետաքրքրվեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից՝ ինչ նկատի ունեն ասելով՝ «ամուսնանալիս եւ ընտանեկան հարաբերություններում արգելվում է ռասսայական, մաշկի գույնի եւ այլ խտրականություններ ասելիս»:

«Գրված է «ամուսնանալիս եւ ընտանեկան հարաբերություններում արգելվում է ռասսայական, մաշկի գույնի եւ այլ խտրականությունները»: Այսինքն՝ մարդուն օրենքով արգելում ենք, ասում ենք՝ ինչպես ամուսին կամ կին ընտրի՞: Եթե ես սեւամորթ եմ եւ ինչ-որ աղջկա ամուսնության առաջարկություն եմ անում, նա մերժում է, ես կարող եմ դատարան դիմել, որ նա ռասսայական հիմքով մերժե՞ց ինձ հետ ամուսնանալ»:

Սուրեն Քրմոյանը պատգամավորի հարցին պատասխանեց, որ օրենքի նախագծում նշված դրույթները Սահմանադրությանն են համապատասխանեցվել եւ բառացի, արգելվում  է ոչ թե ընտրելը այլ խտրականությունը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակեց. «Պարոն Քրմոյան, Գեւորգ Գորգիսյանը տեսականորեն է ասում, ինքն իր փայ առաջարկությունն արել ա, նորմալ ընտանիք էլ ունի»: