Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կոչ արեց նույն խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին գործընկերներին չհեգնել: Բանն այն է, որ ՀՀ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, երբ Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց նախագիծը, Վարդան Բոստանջյանը նշեց. «Պարոն Բագրատյանի ելույթից հետո ես հասկացա, որ Հայաստանի Հանրապետությանն, ըստ էության, էլ ոչ մի բան պետք չի, սա կլինի, արդեն չափազանց լավ կապրենք»:
Որից հետո Սերգեյ Բագրատյանը ամբիոնից իր ելույթի ժամանակ նշեց:
«Պարոն Բոստանջյան, Դուք ուզում եք, որ այս օրենքով լավ ապրեք, Դուք լավ չեք ապրելու, որովհետեւ Ձեր գործընկերների նկատմամբ հեգնանքի փոխարեն հարգանք պետք է ունենաք: Բայց, եթե դուք ուզում եք այս օրենքով լավ ապրեք, լավ չեք ապրելու, լավ ապրելը մարդու ներսում է ըլնում: Ես հեգնանքի աշխարհի չեմպիոն եմ, եթե ես ուզեմ, Ձեր ամեն մի ելույթը կհեգնեմ»:
Պատգամավորին փորձեց հանդարտեցնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նշելով՝ «Այստեղ հեգնանքի չեմպիոն չկա, այստեղ փոխադարձ հարգանքի 105 չեմպիոն կա»:











