«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դիմում է ներկայացրել ԱԺ քարտուղարություն, հայտնելով, որ ինքը չի մասնակցել Դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քվեարկությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Հարցին, թե այդ դեպքում՝ ինչու են նրա ձայնը հաշվել որպես կողմ, նա հորդորեց սպասել իրադարձությունների զարգացմանը:

Դիտարկմանը, որ փաստորեն կեղծիք է տեղի ունեցել եւ քաղաքական մեծամասնությունը կեղծիքով է անցկացրել օրենքը, Մելքումյանն անպատասխան թողեց: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խուսափում են այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն անել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քրեական օրենսգրքի այս փոփոխությունների նախագիծն ընդունվել է 63 կողմ ձայներով ու մեծ աղմուկով:

Բանն այն է, որ այս օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի ձայները՝ այսինքն առնվազն 63 ձայն, սակայն ցուցատախտակը ցույց էր տալիս, որ կողմ է քվեարկել 61 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի կոճակը չի աշխատել, եւս մեկ կողմ ձայն Արփինե Հովհաննիսյանի կողմից է, ով ներկա չէ նիստին, սակայն նախապես տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու: Սակայն ընդդիմությունը պնդում էր, որ կողմ է քվեարկել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը, ով իրականում դեմ է եղել:

Ազգային ժողովում քվերակությունից հետո խառնաշփոթ սկսվեց: «Ելք» դաշինքի պատգամավորները պահանջեցին օրենքի նախագիծը նորից դնել քվեարկության, սակայն նրանց պահանջը չկատարվեց: «Ելք՞ժի պատգամավորները սկզբում սկսեցին բռունցքներով հարվածել սեղաններին, ապա հայտարարեցին, որ լքում են նիստերի դահլիճը եւ չեն մասնակցելու «կոմեդիա» քվեարկություններին: