Խերունցների ընտանիքն այս Ամանորը կդիմավորի իր սեփական տանը: Շուրջ 9 տարի վարձով ապրելուց հետո «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի օգնությամբ «Հույսի ավան» թաղամասում 79-րդ ընտանիքը, որը ստանում է բնակարան, հենց Խերունցներն են:
Ընտանիքի մայրը՝ Արեւ Խերունցը, ամուսնու եւ երեք երեխաների հետ բարեգործական հիմնադրամի նախագահ Բարույր Ջամբազյանին եւ հյուրերին դիմավորում է տան բակում՝ աղուհացով:


Այնուհետեւ արդեն Խերունցների երեխաները, ստանալով այդքան սպասված բանալին, բացում են դուռն ու շփոթված կանգնում, միայն մոր հորդորից հետո առաջ գնում: Րոպեներ անց Խերունցներն արդեն այս տան տերերն են. իրենց հերթն է զարմացնելու եւ ուրախացնելու հիմնադրամի ներկայացուցիչներին եւ ընտանիքի բարեկամներին: Խերունցների երեխաները երգում են, ասմունքում եւ պարում. տան մեծ դուստրն ապագա բալետի պարուհի է, միջնեկ դուստրը՝ երգչուհի, փոքրիկ 4-ամյա Դավիթն էլ դեռ չի կողմնորոշվել, բայց արդեն քույրիկների հետ երգում ու պարում է: Երեխաների հետ հավասար նաեւ մայրն է պարում: 31-ամյա Արեւի եւ 34-ամյա Սմբատի երազանքը երաժշտական կրթություն ստանալն է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Այսօր արդեն երեխաներն են փորձում ծնողների երազանքն իրականություն դարձնել: Սմբատ Խերունցը համոզված է, որ սեփական տանիք ունենալով ավելի հեշտ կլինի հետագայում մյուս երազանքներն էլ իրականություն դարձնել:


«Համարյա 9 տարի վարձով ենք ապրել, դիմել էի «Դիակոնիա» հիմնադրամին, ինձ համար շատ անսպասելի էր, որ տուն ստացա: Մինչեւ հիմա շոկի մեջ եմ, մարդիկ օգնեցին մեզ, ընտանիքում վերականգնված հավատն ավելի կարեւոր է, քան պատերը, տանիքը: Իմ ընտանիքում այսօր հավատը վերականգնվեց»,- ասում է ընտանիքի հայրը:

Նշենք, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը, 2001 թվականից համագործակցելով Կառավորության և Երևանի քաղաքապետարանի հետ, կյանքի է կոչել «Հույսի Ավան» բարեգործական նախագիծը, ինչի արդյունքում շուրջ 80 բազմազավակ ընտանիքների 500 անդամներ այժմ ապրում են մշտական ջրով, ջեռուցմամբ, հեռախոսով և կենցաղում անհրաժեշտ կոմունիկացիայի բոլոր պայմաններով ապահովված բնակարաններում: Հիմնադրամի նախագահ Բարույր Ջամբազյանը նշում է, որ Խերունցների բնակարանի շինարարական աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ, այն կառուցվել է շվեյցարիացի գործընկերների ֆինանսավորմամբ:


«Շատ ընտանիքներ Հայաստանում ցանկանում են աշխատել, ինչ-որ բան ստեղծել, բայց տուն չունենալը շատ խնդիրներ է առաջացնում: Մենք համոզված ենք, որ այս ընտանիքն աշխատող է, լավ ընտանիք է եւ հույս ունենք, որ բնակարանը տալով՝ հիմնական խնդիրը լուծում ենք եւ երեխաներն առողջ մթնոլորտում են մեծանալու»,- ասում է հիմնադրամի նախագահը:


«Հույս ավանի» բոլոր բնակարանները պատկանում են հիմնադրամին, պարզապես դրանք առանց վարձի տրամադրվում են ծրագրով ընտրված ընտանիքներին:











