Կոռուպցիայի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ է դրական տեղաշարժ. մենք դա արել եւ անում ենք ոչ թե միջազգային կառույցների, այլ մեր համար, դա են մեզնից ակնկալում մեր երկրի քաղաքացիները: Այս պարագայում եւս որեւէ արդարացում չեմ ընդունելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ձեր մասնագիտական գործունեության առաջնահերթ մյուս ոլորտը կոռուպցիայի դեմ պայքարն է: Վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիոն երեւույթների հնչեղ բացահայտումները, վստահ եմ, լավ ազդանշան են եղել՝ ուղղված թե՛ հանրությանը, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս ճակատում տարվող աշխատանքն ավելի քան լուրջ հիմքերի վրա է դրված, սակայն ձեռք բերվածով բնավ չենք բավարարվելու:

Ավելորդ չեմ համարում այս կառույցում մեկ անգամ եւս ընդգծել, որ նմանօրինակ քայքայիչ դրսեւորումների դեմ պայքարը լինելու է ավելի սուր եւ ավելի կոշտ: Ուզում եմ տեղյակ լինեք, որ այս ասպարեզում ձեզնից իմ սպասելիքները շարունակելու են մեծ մնալ: Վստահ եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունն ունի բավարար փորձ եւ հաստատուն կամք այս խնդրի մեջ խորամուխ լինելու համար: Անհրաժեշտ են գործուն քայլեր պետական բոլոր մակարդակներում, այդ թվում՝ դատաիրավական համակարգում կոռուպցիոն դրսեւորումների պատկերը բացահայտելու համար:

Ամենայն ուշադրությամբ նաեւ անհրաժեշտ է հետեւել միջազգային կառույցների կողմից կատարված հետազոտություններին եւ վարկանիշներին: Կոռուպցիայի վերաբերյալ Հայաստանի ցուցանիշներում նահանջ չպետք է լինի: Անգամ եթե խոսքը ոչ թե բուն կոռուպցիայի, այլ դրա ընկալման մասին է, անհրաժեշտ է գտնել եւ բացահայտել այն թերությունները, որոնք հանգեցնում են նման ընկալման:

Կոռուպցիայի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ է դրական տեղաշարժ: Մենք դա արել եւ անում ենք ոչ թե միջազգային կառույցների, այլ մեր համար: Դա են մեզնից ակնկալում մեր երկրի քաղաքացիները: Այս պարագայում եւս որեւէ արդարացում չեմ ընդունելու:

Դրական եմ գնահատում ազգային անվտանգության ծառայողների աշխատանքը համապետական միջոցառումների, այդ թվում՝ ընտրությունների անվտանգ անցկացումն ապահովելու գործում»: